Երեկ՝ հունիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի շենքում, Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ղեկավար Հասան Խալիլը տեղի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպեց Ախալքալաքի շրջանի երիտասարդների հետ։
Հանդիպմանը ներկա էին երիտասարդներ՝ Կարտիկամ, Կաջո, Վաչիան, Տուրցխ, Թախչա գյուղերից, ինչպես նաև քաղաքից։ Իշխանության ներկայացուցիչներից ներկա էին Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և նրա երկու տեղակալները՝ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։
Հասան Խալիլը նախ պատմեց իր մասին, ապա հետաքրքրվեց այն խնդիրներով, որոնք հուզում են երիտասարդներին, և որոնք նրանք կցանկանային լուծել UNICEF-ի օգնությամբ։
Երիտասարդները խոսեցին գյուղերում երիտասարդության զարգացման մշակութային կենտրոնների, գրադարանների, գրականության, երիտասարդների համար ժամանցի ու հանգստի վայրերի, մարզասրահների ու խմբակների բացակայության մասին։ Բարձրացվեց գյուղերում հասարակական տրանսպորտի բացակայության հարցը, ինչը երիտասարդներին անհարմար է դարձնում քաղաքի մշակութային, ժամանցային, սպորտային խմբակներ այցելելը։ Մասնակիցներից մեկը խոսեց կենտրոնի անհրաժեշտության մասին, որտեղ շրջանավարտները կարողանան պետական լեզուն սովորել ընդունելության քննությունները հանձնելու նպատակով։ Խոսեցին սոցիալական աջակցության և շատ այլ բաների մասին։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր հարցեր և շատ ակտիվ էին։
Մասնակիցներից մեկը նաև հարցրեց, թե արդյոք UNICEF-ը կարող է օգնել Ախալքալաքում շների համար ապաստարանի ստեղծման հարցում: Ներկաները հետաքրքրվեցին նաև Սամցխե-Ջավախքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի երիտասարդության ծրագրերով։
Ինչին Հասան Խալիլը պատասխանեց, որ UNICEF-ը երեխաների պաշտպանության կենտրոն է բացել Սամցխե-Ջավախքի համալսարանում՝ Ախալցիխեի և Ախալքալաքի մասնաշենքերում։ Նա հարցրեց, թե ներկաներից որևէ մեկը ներգրավված է այս կենտրոններում, բայց ոչ ոք տեղյակ չէր։ Վրաստանում Մանկական հիմնադրամի ղեկավարին հետաքրքրում էր նաև, թե արդյոք երիտասարդները կարիք ունեն հոգեբանի, հոգեբանական օգնության, նա հետաքրքրվեց անչափահասների մոլախաղերին հասանելիությամբ։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, լսելով երիտասարդների բարձրացրած խնդիրները, շնորհակալություն հայտնեցին Հասան Խալիլին հանդիպման համար և մեկնաբանեցին բարձրացված որոշ հարցեր։
Մելքոն Մակարյանն ասաց, որ և՛ քաղաքում, և՛ գյուղերում մունիցիպալիտետի ղեկավարությունը նկատել է երիտասարդների կողմից գրադարանների շատ ցածր հաճախելիություն։ Մելքոն Մակարյանն ասաց, որ շատ ուրախ է, որ երիտասարդները հետաքրքրված են իրենց գյուղերի խնդիրների լուծմամբ, լսեցին երիտասարդների կարծիքները և կփորձեն օգնել։
Նաիրի Իրիցյանը նշեց, որ տեղյակ են բոլոր խնդիրներին, պարզապես մունիցիպալիտետի բյուջեն թույլ չի տալիս միանգամից լուծել բոլոր խնդիրները, որ ՕԳԾ—ով, գյուղերի մեծ մասն ընտրում է մարզադաշտեր ու խաղահրապարակներ կառուցելը։
Հասան Խալիլն ասաց, որ ուրախ է, որ երիտասարդներն այսօր ազատ արտահայտվեցին: Նա նշեց, որ շարունակելու են համագործակցությունը։
Վերջում հանդիպումն ավարտեցին խմբակային լուսանկարով։