2022 թվականի երրորդ եռամսյակից սկսած Վրաստանում տեխզննում չանցած մեքենաների տուգանքի չափը եռապատկվում է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բազմապատկվում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասին օրինանախագիծն արդեն պատրաստ է, որը նախատեսում է տուգանքների չափի ավելացում այն ​​ավտոմեքենաների սեփականատերերի համար, ովքեր վարում են առանց պարտադիր տեխզննում անցնելու։

Ներկայումս տեխզննում չանցնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով տուգանքը կազմում է 50 լարի: Տուգանքը սահմանվում է այն ​​դեպքում, երբ խելացի տեսախցիկները ֆիքսում են տեխզննում չանցած ավտոմեքենաները։ Իսկ յուրաքանչյուր հաջորդ կրկնվող դեպքի համար տուգանքի չափը կազմում է 50 լարի։

Օրենքի փոփոխությունից հետո սկզբնական տուգանքի չափը կմնա նույնը՝ 50 լարի, բայց, եթե տուգանվելուց հետո 1 ամսվա ընթացքում մեքենան տեխզննում չանցնի, ապա երկրորդ անգամ տուգանքի չափը կեռապատկվի, այսինքն՝ կկազմի 150 լարի, նույն մեքենան երրորդ անգամ տուգանվելու պարագայում տուգանքի չափը կկազմի 300 լարի, իսկ չորրորդ և յուրաքանչյուր դեպքում՝ 900 լարի։

Իրավաբանական անձանց համար տուգանքներն ավելի մեծ են: Կազմակերպությանը պատկանող տրանսպորտային միջոցը կտուգանվի 200 լարիով: Յուրաքանչյուր կրկնվող և հաջորդ դեպքում տուգանքները համապատասխանաբար կկազմեն 300 լարի, 500 լարի և 1500 լարի:

Վրաստանի խորհրդարանում օրինագիծը նախաձեռնվել է գարնանային նստաշրջանում, իսկ փոփոխությունների քվեարկությունը նախատեսված է աշնանային նստաշրջանում, ինչը նշանակում է, որ աշնանից տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնց մեքենանաերը տեխզննում չեն անցել, ստիպված կլինեն երեք կամ ավելի անգամ տուգանքներ վճարել: