Այսօր Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած ակցիան՝ ի պաշտպանություն եվրոպական կուրսի։ Ժամը 19:00-ին քաղաքացիները կհավաքվեն Եվրոպայի հրապարակում:
Վրաստանի նախագահը հունիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ կոչ է արել հանրահավաք անցկացնել։
«Դա կլինի միասնական հասարակություն, բնակչություն, որտեղ բոլորը կլինեն սովորական քաղաքացիներ։ Ես, դուք և ցանկացած քաղաքական կուսակցության կամ իշխանության անդամներ։ Պետք է, որ բոլորը գան որպես հասարակ քաղաքացի։ Ելույթներ, հայտարարություններ, պաստառներ չեն լինելու: Եթե մեկն ուզում է երգել, թող երգի։ Հակառակ դեպքում մենք կկանգնենք միայն որպես նշան, որ մենք ուզում ենք Եվրոպան մեր երեխաների, ապագա սերնդի համար», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ին կայացած ճեպազրույցում։
Միաժամանակ Զուրաբիշվիլին ԵՄ դեսպանին ու ԵՄ անդամ երկրների դեսպաններին կոչ է արել հունիսի 16-ին միանալ ակցիային։ Նա դիմել է նաև հունիսի 20-ին նախատեսված ակցիայի կազմակերպիչներին և նշել, որ «եթե մտածեն, ապա այս ներկայացումը կարող է հետաձգվել»։
Ըստ այս պահին հասանելի տեղեկատվության՝ ակցիային կմիանան դիվանագիտական առաքելությունների մի քանի ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները։