Ախալքալաքցիների կողմից սիրված Բավրա գյուղի կամրջի մոտակայքում՝ Տավշանկայում, որը տեղաբնակները «Բրդնոց» են անվանում, ճահճանում է։ Տեղի իշխանությունները որպես պատճառ անվանում են հաճախակի տեղումները:

Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում, որտեղ Jnews-ը դիմել էր՝ պարզելու, թե արդյո՞ք այս տարածքով ջրային հաղորդակցություններ են անցնում, մեզ հայտնեցին, որ ջրատար խողովակներն ավելի մոտ են ճանապարհին և որևէ կապ չեն կարող ունենալ այս տեղանքի ճահճացման հետ։ Սպասարկման կենտրոնում ճահճացման հնարավոր պատճառ են անվանում կամ նոր աղբյուրի հայտնվելը, կամ առատ տեղումները։

283971955_428599845475298_1264713328234989175_n

Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիայի վարչության բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է այս խնդրին, և եթե խնդիրը խորանա, ապա որպես խնդրի լուծում նշվում է ջրահեռացման համակարգի տեղադրումը։

«Ջրահեռացման համակարգ է պետք կառուցել: Այս տարի շատ անձրև ու ձյուն տեղաց, կչորանա: Ամեն տարի էլ նման բան լինում է: Այնտեղ դեռևս վտանգ չկա: Եթե կարիք լինի, դրենաժ կտեղադրենք: Սա բնություն է, և այստեղ ոչ մի վատ բան չկա»,- մեկնաբանեց Ռամազ Խուցիշվիլին։

Հիշեցնենք, որ Jnews-ը Ախալքալաքի մտահոգ բնակիչներից ստացել էր լուսանկարներ՝ հաղորդագրությամբ, որ Տավշանկայի առաջին տաղավարի հարակից տարածքը՝ ջրի և ցեխի պատճառով, անանցանելի է դարձել։ Ականատեսները պնդում են, որ 2 շաբաթ առաջ այս տարածքում ճահճացման հետքեր չեն եղել։