Այսօր` Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում կայացավ տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլը։ Արտյուշ Գոմցյանը 57-60 կգ քաշային կարգում հաղթելով իսպանացի մրցակցին դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Երկրպագուների բուռն բացականչությունների ներքո, 3։2 հաշվով, Արտյուշ Գոմցյանը հաղթեց: Այդպիսով իր ներդրումն ունեցավ բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գրանցած բարձր արդյունքներում։

Մայիսի 22-ից 31-ը, Երևանում տեղի է ունենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար պայքարում են 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։ Հայաստանը մարզիկներ է ներկայացրել բոլոր 13 քաշային կարգերում, իսկ Վրաստանը հանդես է գալիս 10 կարգերում։

Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։ Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Նրա անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։