Վրաստանի Անկախության օրը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել յուրաքանչյուր քաղաքացու մտածել իր երկրի մասին և վերաիմաստավորել պատմությունը։

«Մայիսի 26-ը պարզապես օր չէ, երբ պատմությունը վերակենդանանում է: Սա արտասովոր տոն է։ Սա այն օրն է, երբ մենք պետք է մտահոգ լինենք և ամեն բան վերաիմաստավորենք։ Այն օրն է, երբ մենք պետք է մտածենք մեր երկրի մասին և ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք ամեն ինչ ճիշտ ենք անում մեր երկրի ապագայի, բարեկեցության, անկախության և ազատության համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ դիմելով յուրաքանչյուր քաղաքացու։

Շնորհավորելով երկրին՝ նախագահը նշել է, որ Մայիսի 26-ին վրաց ժողովուրդը մեկընդմիշտ որոշեց ապրել ազատ, անկախ երկրում։

«Մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է»,- հիշեցրել է նախագահը` ընդգծելով, որ բոլոր նրանք, ովքեր այսօր ղեկավարում են երկիրը, պետք է գիտակից լինեն և ցուցաբերեն առանձնահատուկ պատասխանատվություն։

Նախագահն այսօր Twitter-ում գրառում է հրապարակել՝ ի հիշատակ երկրի անկախության համար մարտնչած ու իրենց կյանքը հանուն հայրենիքի, հանուն ազատության տված հայրենակիցների։

«Տոնելով Մայիսի 26-ը՝ մեր Անկախության օրը, ես հիշում եմ բոլոր նրանց, ովքեր պայքարել են և մեզ բերել այս օրը, ովքեր պահպանել են մեր ինքնությունն ու ազատությունը։ Նրանք իրենց արյունն են թափել և իրենց կյանքը զոհաբերել, որպեսզի մենք կարողանանք խոսել ինքներս մեր անունից, ընտրել Վրաստանի ապագան և հայտարարել մեր եվրոպական լինելը»,- գրել է Զուրաբիշվիլին։