Տավշանկա բլուրն (Ամիրանիս գորա) Ախալքալաքի բնակիչների համար կանաչապատ տարածք է, որտեղ բնակիչները սիրում են իրենց ժամանակն անցկացնել մաքուր օդ շնչելով, բայց աստիճանաբար բլրի ստորոտին գտնվող քաղաքային գերեզմանատունը ընդլայնվում է և ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում։ Մունիցիպալ իշխանությունները մտածում են նոր գերեզմանատան համար տարածք հատկացնելու մասին։
Տավշանկան Ախալքալաք քաղաքի միակ հանգստի գոտին է։ Բլրի գագաթին կան սրբավայրեր, որտեղ ընդունված է ուխտագնացության գնալ։ Տավշանկայի մոտով հոսում է Թափարվան գետը, ժամանակին այստեղ հատուկ վայրեր կային, որտեղ ոչխարի բուրդ էին լվանում, երեխաներն այստեղ լողանում էին, իսկ ստորոտում քաղաքային գերեզմանոցն է, որտեղ թաղված են 19-րդ դարից սկսած տարբեր ազգությունների քաղաքացիներ։ Տարեցտարի գերեզմանոցն ընդարձակվում է՝ գրավելով ավելի ու ավելի կանաչ տարածքներ։ Այս տարի տեղական իշխանությունները որոշել են դադարեցնել գերեզմանոցի ընդլայնումը դեպի հանգստի գոտի։ Ուստի որոշել են մեկ այլ տեղ հատկացնել գերեզմանատանը։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ ոչ ոք չի պատրաստվում արգելել հուղարկավորությունները հին գերեզմանոցում, ինչպես բնակիչներն են ասում։ Եթե հին գերեզմանատան տարածքում համապատասխան տեղ լինի, ապա այնտեղ կարող են հուղարկավորել, բայց նոր տեղեր զբաղեցնել այլևս հնարավոր չի լինի, որպեսզի գերեզմանոցը չընդարձակվի։ Միաժամանակ, խոսքը Տավշանկայի՝ որպես հանգստավայր պահպանելու մասին է։
«Մենք տեսնում ենք, որ գերեզմանոցը, ցավոք, ավելի ու ավելի շատ տարածք է գրավում քաղաքի կանաչ գոտու մոտակայքում, որտեղ հանգստանում են քաղաքաբնակները: Այստեղ բնակչությունը մեղք չունի, քանի որ երբ մարդ, Աստված մի արասցե, մահանում է, պետք է նրան հուղարկավորել։ Գերեզմանատան շարժը դեպի Տավշանկայի տարածք դադարեցնելու համար այսօր մեզ անհրաժեշտ է տարածք, որը երկար ժամանակ կարող է ծառայել այս նպատակին, մենք այլընտրանքային տեղեր ունենք, մենք մտածում ենք այդ ուղղությամբ, այդ տարածքները մունիցիպալ հաշվեկշռում չեն, այսինքն դրանք գտնվում են Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում։ Մենք պատրաստվում ենք դիմել իրենց, որպեսզի այս տարածքները փոխանցվեն մունիցիպալիտետին»։
Կոնկրետ վայր քաղաքապետը դեռ չի նշում, քանի որ մի քանի վայրերի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, սակայն նշում է, որ նոր գերեզմանոցը համապատասխանելու է բոլոր չափանիշներին և լինելու է հարթավայրում, որպեսզի այնտեղ հասնելը հեշտ լինի։
Քրիստինե Մարաբյան