Դաշբաշի կիրճում կառուցված 240 մետրանոց ապակե կամուրջը հունիսի 15-ից կսկսի ընդունել այցելուներին: Այս մասին հայտնում է «Kass Land»-ը՝ իր ֆեյսբուքյան էջում։
Նոր զբոսաշրջային տեսարժան վայրն իր տեսակի մեջ առաջինն է Վրաստանում։ Նախագծի արժեքը, որն իրականացվում է իսրայելական ընկերության կողմից, կազմում է 120 միլիոն լարի, որը երբևէ կատարված էկոտուրիզմի ամենամեծ ներդրումն է տարածաշրջանում։ Սպասվում էր, որ կամուրջը կբացվի մինչև 2020 թվականի աշուն, սակայն շինարարությունը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Կամուրջի միջոցով այցելուները կկարողանան անցնել կիրճի մի կողմից մյուսը։ Մեջտեղում կլինի ադամանդաձև բար-ռեստորան՝ դեպի Դաշբաշ բացվող տեսարանով:
«Բարեկարգվել է նաև 1,5 կմ երկարությամբ համայնապատկերային տեսարաններով արահետ, որը տանում է դեպի կիրճ։ Արահետն այցելուներին կտանի դեպի կասկադային ջրվեժ»,- հաղորդել է Kass Land տնօրեն Էկատերինե Թորդիան Առաջին ալիքի «Բիզնես-գործընկեր» հեռուստահաղորդման եթերում:
Այլ ենթակառուցվածքների թվում են՝ այցելուների կենտրոնը, զիփլայնը և երկու տասնյակ քոթեջները: Այս սեզոնի ավարտին նրանց թիվը կեռապատկվի, իսկ 2023 թվականին Դաշբաշի կիրճի մոտ հյուրանոց կբացվի։ Թորդիայի խոսքով, ամենայն հավանականությամբ, հյուրանոցը կլինի հինգաստղանի։
Դաշբաշիի տարածք մուտքը վճարովի է։ Թարմացված գները և այլ մանրամասները «Kass Land»-ի կողմից կհրապարակվեն հունիսի 1-ին: Հայտնի է, որ Վրաստանի քաղաքացիների և օտարերկրացիների համար սակագները տարբեր կլինեն։
Kass Land-ը Դաշբաշի կիրճը կառավարելու իրավունք էր ստացել դեռ 2019 թվականին՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության կողմից հայտարարված էլեկտրոնային մրցույթից հետո։
Դաշբաշի կիրճը գտնվում է Ալգեթիի ազգային պարկում՝ Քվեմո Քարթլիի շրջանում (Թբիլիսիից մոտ 90 կմ հեռավորության վրա), Ծալկա գյուղի մոտ՝ Խրամի գետի կիրճում։
Կիրճի բարձրությունը ծովի մակարդակից 1100-1500 մետր է, իսկ երկարությունը՝ ութ կիլոմետր։ Այն զբաղեցնում է 669 հեկտարի վրա հսկայական տարածք։ Այստեղ կան բազմաթիվ տպավորիչ ջրվեժներ և քարանձավներ:
2016 թվականին Դաշբաշին ստացել է Վրաստանի բնության հուշարձանի կարգավիճակ, որից հետո այն հայտնվել է զբոսաշրջային քարտեզներում և ուղեցույցներում։