ԵՄ պատժամիջոցների պատճառով դրամական փոխանցումների «Զոլոտայա Կորոնա» համակարգը դադարել է գործել Վրաստանում։
Եթե հուլիսին այս համակարգով փոխանցվել էր 54,6 մլն դոլար, որից 9,17 մլն դոլարը մուտքագրվել էր, ապա օգոստոսին «Զոլոտայա Կորոնայի» միջոցով փոխանցվել է ընդամենը 29,2 հազար դոլար, ընդ որում՝ մուտքագրումներ չեն եղել։
Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ «Զոլոտայա Կորոնայի» միջոցով դրամական փոխանցումների վիճակագրությունը ներառում է միայն այն գումարները, որոնք փոխանցվել են մինչև պատժամիջոցների սահմանումը, իսկ դրանց կանխիկացումն իրականացվել է ավելի ուշ։
«Զոլոտայա Կորոնան» հիմնականում սպասարկում էր Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները։ Այս տարվա առաջին ութ ամիսներին համակարգի միջոցով Վրաստան է մուտքագրվել ավելի քան 376,36 մլն դոլար։
Ինչ վերաբերում է մյուս համակարգերին, ապա օգոստոսին ամենամեծ ծավալի միջոցները՝ 84,89 մլն դոլար, փոխանցվել են Western Union-ի միջոցով։ Երկրորդ տեղում RIA-ն է՝ 79,3 մլն դոլարով, իսկ երրորդում՝ MoneyGram-ը, որի միջոցով Վրաստան է փոխանցվել 78,8 մլն դոլար։ Այնուհետև հաջորդում են Intel Express-ը՝ 39,24 մլն դոլար և RicoGram-ը՝ 12,67 մլն դոլար։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ներառել է վճարային համակարգի օպերատորին և հաշվարկային կենտրոնին՝ Նովոսիբիրսկի «Վճարային կենտրոն»-ին։
2026 թվականի օգոստոսին արտերկրից Վրաստան ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 295,17 մլն ԱՄՆ դոլար (772,7 մլն լարի)։ Սա 8,2%-ով կամ 26,4 մլն դոլարով պակաս է 2025 թվականի օգոստոսի ցուցանիշից։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանից փոխանցումների ծավալը նվազել է 88%-ով։
Նյութը՝ bizzone.info-ից։



