Ախալքալաքի մունիցիպալիտետը 8000 լարի է հատկացրել գյուղերի ծայրամասերում գոյացած արհեստական աղբավայրերը մաքրելու համար։ Աղբահանության աշխատանքները կսկսվեն մոտ օրերս:
Ախալքալաքի մունիցիպալիտետը վերջին տարիներին՝ գարնանը, տեղական բյուջեի միջոցներով մաքրում է գյուղական արհեստական աղբանոցները, որոնք մեկ տարի անց նորից գոյանում են։
«Արդեն միջոցներ հատկացվել են, եղանակը կտաքանա և կսկսենք, որպեսզի տրակտորը կարողանա աշխատել, տրակտորը ցեխի մեջ չի կարող աշխատել: Կսկսենք Բեժանոյից»,- ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Թե որ գյուղերում են աղբավայրերը մաքրվելու և որքան աղբ է հանվելու, դեռ հայտնի չէ։ Ռստակյանի խոսքով՝ այնքան կաղբահանեն, որքան բավականեցնի, ամեն ինչ կախված է նրանից, թե Բեժանոյում ու մյուս գյուղերում որքան աղբ է կուտակվել։
Բեժանո, Ղադոլար, Մոդեգամ, Խանդո գյուղերի ծայրամասերում աղբանոցներ են գոյացել։ Աղբավայրեր կան նույնիսկ այն գյուղերում, որտեղ տեղադրված են աղբամաններ։
Գյուղերի մուտքերի մոտ կրկին աղբանոցներ են հանդիպում
Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ հնարավոր է այս շաբաթ սկսեն նաև 8 խոշոր աղբի տարաների տեղադրումը։ Տեղում մանրախիճ կլցնեն և տարաները կտեղադրվեն։
5 խոր/մ տարողությամբ նոր, մեծ աղբամանները կտեղադրվեն շրջանի 8 գյուղերում՝ Խավեթում, Աբուլում, Մեծ ու Փոքր Սամսարներում, Ազավրեթում, Վարևանում, Ալաստանում, Խանդոյում և Դիլիսկայում։