Ախալքալաքում «USAID Վրաստան կարտոֆիլի ծրագրի» շրջանակներում, «Կարտոֆիլի միջազգային կենտրոնը» (CIP), որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, երեք տեխնոլոգիաներով արտադրում է սերմացու կարտոֆիլ: Արդեն ստեղծվել է սերմացուի երկու նոր տեսակ (սուպեր էլիտա դաս), այժմ արտադրվում է նոր՝ «Ջավախեթյան» տեսակ։ Սերմերը արտադրվում են երեք տեխնոլոգիաների կիրառմամբ՝ օդում կախված, հողի մեջ և ավազի մեջ ցանած:
Ջավախքի համար առավել հարմար տեխնոլոգիան ապագայում կներդրվի մեր շրջանում։
«Կարտոֆիլի միջազգային կենտրոնը» (CIP) 2020 թվականի հունվարին, Ախալքալաքում, ֆերմերների կարտոֆիլի սերմարտադրությունը խթանելու նպատակով, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաները, ստեղծել էր պալարային և սերմացու հումքի ցուցադրական հողամասեր: Այս տեխնոլոգիաներն Ախալքալաքի համար նորություն են, թեև դրանք կիրառվում են ամբողջ աշխարհում։
Աճեցման երեք նորարարական տեխնոլոգիաներն են՝ ինվիտրո(invitro), աէրոպոնիկ (aeroponics) և հիդրոպոնիկ (hydroponics):
Ինվիտրոն տեխնոլոգիա է, որով տնկիի ցողունի մի մասը կտրվում և տնկվում է հողի մեջ, աէրոպոնիկ մշակման տեխնոլոգիան այն է, երբ, պալարները զարգանում են օդում կախված, իսկ հիդրոպոնիկը՝ սերմերի զարգացումը տեղի է ունենում թաց ավազի մեջ։
Ծրագրի գյուղատնտես Մախարե Մացուկատովն ասում է, որ այս ծրագրի նպատակն է, որ շրջանում արտադրվի ոչ միայն արտադրական կարտոֆիլ, այլև սերմացու։
«Մեր բնակլիմայական պայմանները հարմար են կարտոֆիլի սերմացուի արտադրության համար, մեր հողն ու ջուրը լավն են, մենք հիմա ջերմոցային պայմաններում արտադրում ենք երեք տեխնոլոգիաներով, տեսնենք՝ որ տեխնոլոգիան ավելի լավ կաշխատի, որն առանց առանց վիրուսի, որն ավելի շահավետ կլինի մեր շրջանի համար։ Որն ավելի լավը կլինի, այդ տեխնոլոգիայի վրա էլ կանգ կառնենք: Մենք նոր ենք բերքը ստանում, դեռ տնտեսապես չգիտենք, թե ինչպիսին կլինի շահավետությունը։ Իմ կարծիքով հեշտ և շատ է բազմանում invitro տեխնոլոգիայով»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Գյուղատնտեսի խոսքով, իրենք արդեն գրանցել են կարմիր «Մեսխեթական» սորտը, տնկել են 3 հա.
«Այս տարի արդեն վաճառքի համար կունենանք սուպեր էլիտա դասի սերմացու, իսկ հաջորդ տարի «Ծքվիալա» (սպիտակ կարտոֆիլ) սորտը կունենանք, և մյուս տարի նաև «Ջավախեթյան» սորտը, այս սորտի վրա ենք աշխատում»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Այս տեսակների պահանջարկը կա, ըստ Մախարե Մացուկատովի, շրջանում կան ֆերմերներ, ովքեր ցանկանում են սերմացու կարտոֆիլ աճեցնել։
«Տվյալ բիզնեսը հեռանկար ունի»,- ասում է Մացուկատովը։
Կարտոֆիլի այս տեսակները կստանան իրենց դասին համապատասխանելու վկայական։ Սերտիֆիկատը հնարավորություն կտա արտահանել սերմացու կարտոֆիլը։