Ապրիլի 30-ին Վրաստանի Հայ Համայնքի մի խումբ անդամներ «Եվրոպական Վրաստան» կուսակցության շտաբի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել կուսակցության Մառնեուլիի շտաբի ղեկավար և քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևի գործողությունների դեմ, ով ապրիլի 24-ին իր էջում հրապարակել էր «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբի ժեստը պատկերող լուսանկար։
Վրացերեն և անգլերեն լեզուներով ընթերցվել է «Վրաստանի հայերի համայնքի» հայտարարությունը, նաև բողոքի խոսքով հանդես է եկել Ուկրաինայի մի քաղաքացի, ով շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ուկրաինային աջակցելու համար և շեշտել, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են այս ծանր իրավիճակից՝ այս երկրում «իրենց պանթյուրքիստական գաղափարները քարոզելու նպատակով»:
Ցուցարարները «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությունից պահանջում էին անպատիժ չթողնել իրենց կուսակից Ախմեդ Իմամկուլիեւի գործողությունները։ Ներկայացնում ենք Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` տարածված իրենց պաշտոնական կայքում.
Հիշեցնե՛նք, որ Վրաստանում, ադրբեջանական ծագում ունեցող մեր հայրենակիցների մեջ մեծ համակրանք է առաջացնում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ տոգորված ֆաշիստական խումբը՝ բոսկուրտները (Գորշ գայլերը), որոնք ներկայացնում են թուրքական նեոֆաշիստական կուսակցություն «ազգային շարժման» երիտասարդական թևը։
Հատկանշական է, որ այս խմբի անդամները բացահայտորեն հայտարարում են իրենց պատկանելության մասին այս կազմակերպությանը, և թեև կազմակերպությունն արգելված է մի շարք երկրներում և հայտնի է, որպես ահաբեկչական խմբավորում, Վրաստանում նրանք մինչ օրս անպատիժ են մնում։
Հիշեցնե՛նք, Մևլութ Չավուշօղլուն իր երկրի դեսպանատան բացման կապակցությամբ Ուրուգվայ կատարած այցի ժամանակ ապրիլի 23-ին հայ ժողովրդին ողջունել է գորշ գայլերի ժեստով։ Այս ամենից ոգևորված՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Մառնեուլի կազմակերպության նախագահ, 2021 թվականի Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու` Ահմեդ Իմամկուլիևը ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն ընկերներին, նրանց ով անհանգստացավ», որի վրա արտահայտված են գորշ գայլերի ժեստերը, որոնք, ցավոք, արժանացան մեր համաքաղաքացիների որոշակի հատվածի մեծ հավանությանը։
Ապրիլի 24-ից բավական ժամանակ է անցել, որպեսզի Եվրոպական Վրաստանը արձագանքեր իր անդամներից մեկի ֆաշիստական գաղափարախոսությանը և հրապարակավ պատժեր Իմամկուլիևին, քանզի անթույլատրելի է «Մեծ Թուրանի» քարոզումը, այն էլ բացեիբաց։ Կոչ ենք անում «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությանը արձագանքել իր կուսակիցների ֆաշիստական գործողություններին, որպեսզի չկորցնի այն քաղաքացիների աջակցությունը, ովքեր աջակցում են կուսակցությանը, բայց չեն կիսում տարածաշրջանի թուրքականացման գաղափարը։
Հարգանքներով՝ «Վրաստանի Հայ Համայնք»
Մեջբերում ենք նաև Ահմեդ Իմամկուլիևի կողմից կատարված գրառումը: Նշենք, որ այս գրառումը հավաքել է ավելի քան 500 հավանում։