Ախալքալաքում գրեթե չկա այնպիսի փողոց, որ ճանապարհի ինչ-որ հատված քանդված չլինի, կամ մեծ փոսեր չլինեն։ Մեքենաները դժվարությամբ են շրջանցում այդ փոսերը, ինչի պատճառով հաճախ խցանումներ են առաջանում։
Ազատության, Չարենցի, Նալբանդյան, Մյասնիկյան և այսպես շարունակ կարելի է թվարկել քաղաքի գրեթե բոլոր փողոցները, որտեղ ճանապարհները կիսաքանդ վիճակում են։ Քանդվել են նաև մեկ կամ երկու տարի առաջ ասֆալտապատված փողոցները:
Օրինակ. Աղմաշենեբելի փողոցն ասֆալտապատել էին ընդամենը երկու տարի առաջ, բայց ճանապարհն արդեն քանդվել է:
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած «Ճանապարհաշինության N1 վարչություն» ընկերության հետ այսօր չկարողացանք կապ հաստատել: Սակայն տաս օր առաջ ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեն JNEWS-ին ասել էր, որ եղանակները տաքանալուն պես կշրջեն քաղաքում և ըստ այդմ կկատարեն համապատասխան աշխատանքներ: Սակայն պետք է նշենք, որ դեռևս ոչ մի աշխատանք չի սկսվել:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ ճանապարհների փոսային նորոգումների համար հայտարարել են էլեկտրոնային մրցույթ, սակայն մրցույթին ոչ ոք չի մասնակցել:
«Մենք հայտարարել էինք տենդեր-մրցույթ, մոտ 200 000 լարիի չափով, փոսային աշխատանքներ կատարելու համար, բայց մրցույթին մասնակցող չեղավ: Վերջին ամսում բոլորս էլ տեսնում ենք, որ թանկացումներ են, մեր նախագիծը նախկին գներով էր, երևի դրա համար էլ մրցույթին մասնակցող չեղավ: Պատրաստվում ենք նոր մրցույթ հայտարարել, որտեղ արդեն գումարի չափը փոփոխված կլինի», – ասաց քաղաքապետը։
Գայանե Ակոջյան