Արմենը Ջավախքից է, բայց ապրում է Երևանում: Փոքր հասակում նա հրթիռներ էր պատրաստում, իսկ հիմա արդեն կենտրոն է բացել, որտեղ երիտասարդները սովորում են էլեկտրոնիկայի և ԱԹՍ-ների պատրաստման հիմունքներ: Կենտրոն բացելու գաղափարը առաջացել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ հասկացել է, որ տեխնոլոգիապես Հայաստանը զիջում է թշնամուն։ Նախագիծը անվանել է «Astronaut» և 2021 թվականի ապրիլ ամսից սկսել է իրականացնել մանկության երազանքը։

«Astronaut»-ում ուսանողները սովորում են էլեկտրոնիկա և ԱԹՍ-ների բաղկացուցիչ մոդուլների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև դասերի ընթացքում հավաքում են ԱԹՍ-ներ: Արմենի հիմնադրած կենտրոնի նպատակն է Հայաստանում զարգացնել ինժեներիան, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական ինժեներիան: Այստեղ վերապատրաստում են մասնագետների, ովքեր կկարողանան ոչ միայն ԱԹՍ-ներ նախագծել, այլև՝ հավաքել։

«Գաղափարը ծագեց, երբ տեսա, որ տեխնոլոգիապես զիջում ենք թշնամուն, առաջնահերթ դա էր մոտիվը։ «Astronaut» նախագծի վրա սկսել եմ աշխատել մի տարի առաջ։ Էլեկտրոնիկայի մասնագետ թիմ եմ ներգրավել, ամենաառաջին գործը դա էր, որ արել եմ, բարեբախտաբար կարողացա գտնել լավ մասնագետի, ի միջալիոց, ինքը նույնպես հայաստանաբնակ ջավախքցի է»:

Արմենը շատ է կարևորում, որ երիտասարդները հիմնարար գիտելիքներ ստանան էլեկտրոնիկայից, ԱԹՍ-ների կառուցվածքից, աշխատանքի սկզբունքից։

«Բացի այն, որ կրթությունը պետք է լինի շատ որակյալ, հիմնարար, այստեղ պետք է երիտասարդները կարողանան ստեղծագործել, այսինքն՝ ինքնուրույն սխեմաներ նախագծել, մշակել և հավաքել։ Այսօր մենք փորձում ենք օգտագործողից քայլ կատարել դեպի ստեղծողը»:

Երբ կենտրոնն ընդունելություն է հայտարարել, հետաքրքրությունն այնքան բարձր է եղել, որ գաղափարի հեղինակը հաճելիորեն զարմացել է: Այսօր կենտրոնը 4 խումբ ունի, որտեղ ռազմաարդյունաբերական ինժիներիա է սովորում 25 երիտասարդ:

«Երբ սկսում էի, չէի պատկերացնում, որ այսպիսի արձագանք կլինի: Նույնիսկ մարզերից են զանգում, որ իրենց մոտ ևս մասնաճյուղեր բացենք, բայց մեր ֆինանսական հնարավորությւնները համեստ են, դեռ ընդլայնվելու մասին չենք կարող մտածել»:

ashakertner

Այս կենտրոնում ոչ միայն ուսուցանում են, այլև հոգ տանում, որ իրենց սաները հետագայում աշխատանքով ապահովված լինեն:

«Մենք պայմանավորվածություն ունենք ինժիներական ընկերությունների հետ, որ օրինակ, երբ իրենց հիմնարար գիտելիքներով աշխատող պետք լինի, մենք մեր ուսանողներին ուղարկենք հարցազրույցի, որպեսզի գործի անցնեն»:

Հրթիռներ պատարաստելու գաղափարը Արմենի մոտ պատահական չի ծնվել: Նա փոքրուց ընտանիքի անդամներից գաղտնի տան նկուղում հրթիռներ է սարքել:

«Եթե սիրում ես, մեջդ կա, ապա անհնար է դրա դեմն առնել: Ընդհակառակը, պետք է անընդհատ օգնել, ինչպես վարվեցին իմ ծնողները, չնայած այն հանգամանքին, որ մեր ընտանիքում առաջին տեղում բժշկությունն էր»:

Արմենը այսօրվա նման հիշում է իր մանկության այդպես էլ չթռած հրթիռի պատմությունը:

«Հեղուկ թթվածնով, ջրածնով հրթիռ սարքեցի և դասարանցիներիս հետ Բավրայի վերևի անտառներում գնացինք փորձարկելու: Բոլորս ոգևորված սպասում էինք հրթիռի թռիչքին, բայց այն չթռած տրաքվեց: Դասընկերներիցս մեկը վախեցել էր և անընդհատ կրկնում էր՝ սաղ եմ, թե սաղ չեմ»:

Արմեն Դարբինյանը սովորել է Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցը, այնուհետև՝ ուսումը շարունակել Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։

darbinyanner

Մեր հերոսը շատ է սիրում Երևանը: Եվ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է տեղավորվում բանկային համակարգում, ընտանիք կազմում ու վերջնական հաստատվում Երևանում: Բայց ծննդավայրի հետ կապը միշտ պահում է, պարբերաբար լինում է Ջավախքում, ծնողներն այստեղ են ապրում:

Արմեն Դարբինյանի հաջողության բանաձևն իր աշխատասիրությունն է, ընտանիքը, կինը, ով միշտ ըմբռնումով է մոտենում, որ երեխային քիչ ժամանակ է հատկացնում, որը փորձում է լրացնել շաբաթ-կիրակի օրերին:

erexa

Եթե Արմենը վերադառնար Ջավախք, ապա նորից իր սիրած գործով էր զբաղվելու: Մտորում է, օրինակ՝ գյուղատնտեսության ասպարեզում ինչ-որ բան կաներ:

«Շատ մեծ շուկա կա Ջավախքում, նույն դաշտավայրերը մշակելու հետ կապված ավտոմատացման սարքավորումները, կաթիլային համակարգի ավտովատացում և այլն: Մեր երիտասարդները շատ խելացի են, թասիբով, հետաքրքիր մտքի թռիչք ունեն, իրենց հետ պետք է աշխատել»:

Մեր հերոսը երազում է կերտել այնպիսի Հայաստան, որտեղ ցանկացած մարդ տեխնոլոգիաների միջոցով կկարողանա ստեղծել ինչ-որ արժեքավոր բան, որի համար կունենա սովորելու համար անհրաժեշտ գործիքներ և հնարավորություններ՝ բացահայտելու իր ներքին կարողությունները։

Գայանե Ակոջյան