Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին կից գործում է 14 կազմակերպություն (ոչ առևտրային, շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք): Jnews-ը տեղեկատվություն է տրամադրում այս կազմակերպությունների մասին, թե ինչով են նրանք զբաղվում, որքան են ծախսում, որքան եկամուտ են ստանում և ինչպիսին է նրանց հիմնական աշխատողների աշխատավարձերը։
2022 թվականի հունվարի վերջին Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկվել է Պետական աուդիտի ծառայության հաշվետվությունը, որում առաջարկություններ են եղել կրճատել կամ միավորել մունիցիպալիտետի կազմակերպություններին (ոչ առևտրային իրավաբանական անձանց): Պատգամավորները քննարկել են որոշ կազմակերպությունների աշխատանքը՝ որոշելով յուրաքանչյուրի հետ առանձին քննարկել ու ուղիներ գտնել նրանց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Սակայն առանձին հանդիպում միայն սպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ է եղել, որից հետո ոչ մի զարգացում կամ առաջխաղացում չի եղել։ Մնացած կազմակերպությունները հանդիպման արդեն չեն հրավիրվել։
Jnews-ը դիմել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ մունիցիպալ կազմակերպությունների ծախսերի և եկամուտների մասին տեղեկություններ ստանալու խնդրանքով։
Ախալքալաքի լողավազան
Լողավազանը 2 տարի անընդմեջ չի աշխատում, սկզբում փակվել է համավարակի պատճառով, հետո, դեռ չբացված, անընդհատ փակվում է վերանորոգման համար։
2021 թվականին ստացել է 188 800 լարիի չափով սուբսիդիա, լողավազանից եկամուտը 10 000 լարի է։ Սակայն երկու տարի շարունակ լողավազանը եկամուտ չի ունեցել, քանզի այցելուների համար չի գործել։ Սրա պատճառով ծախսերը նախատեսվածից այլ կերպ են կատարվել, ավելի քիչ է ծախսվել։ Բայց աշխատավարձերի ծախսերը նույնն է եղել՝ 67 440 լարի, եկամտից ստացվող 4880 լարին օգտագործվում է նույնպես աշխատավարձերի համար, երբ դրանք լինում են։ Սուբսիդավորումից կոմունալ ծախսերի համար հատկացվել է 112 հազար լարի, որից 32 հազար լարին էլեկտրաէներգիայի համար է, իսկ ջեռուցման համար՝ 80 000 լարի։ Երբ եկամուտ լինում է, այնտեղից 5120 լարի նույնպես գնում է կոմունալ ծախսերի համար։ Հաղորդակցման ծախսերը (ինտերնետ, հեռախոս) վճարվում են սուբսիդիայից՝ 1600 լարի։
Լողավազանում աշխատում է 16 հոգի։ Լողավազանի տնօրենը ստանում է 750 լարի, աշխատողներից նվազագույն աշխատավարձը ունի պահակը՝ 230 լարի։
Ապագայի տուն
Գործում է 10 ուսումնական խմբակ, որից 5-ը՝ լեզվի ուսուցման, 1 երաժշտական խմբակ և 4 ձեռագործության խմբակ։ Ընդհանուր առմամբ, Ապագայի տուն է այցելում 180 երեխա
2022 թվականին տեղական բյուջեից ստացել է 59 200 լարի սուբսիդիա, որից 54 840 լարին ծախսվում է աշխատավարձերի համար։ Կազմակերպությունը եկամուտ չունի։ Մնացած գումարը՝ 4360 լարին, օգտագործվում է գրենական պիտույքների, այլ ապրանքների ձեռքբերման, գրասենյակային ծախսերի համար։ 1500 լարի հաղորդակցման ծախսերի համար է։
Կոմունալ ծառայությունների համար հատկացվել է 560 լարի, որից 80 լարին էլեկտրաէներգիայի համար է, իսկ 480 լարին՝ ջեռուցման։
Ապագայի տունն ունի 15 աշխատակից։ Տնօրենի աշխատավարձը 700 լարի է, հաշվապահը ստանում է 570 լարի, ըստ հաստիքացուցակի, 10 հոգի «խմբակավարներն» են, ստանում են 260-ական լարի, աշխատում է նաև կազմակերպիչ, կինոդահլիճի մասնագետ, որոնք ստանում են 250-ական լարի, իսկ հավաքարարը՝ 200 լարի:
Ակումբային միավորում
Վերջին երկու տարիներին Ախալքալաքի Մշակույթի տանը ոչ մի ներկայացում չի եղել։ Ակումբային միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանի խոսքով, մինչև համավարակը իրենք տարեկան 2 ներկայացում էին բեմադրում: Դե իսկ հիմա էլ «Աղջկա փեսացուն» նոր բեմադրությունն են պատրաստում, ներկայացումը կլինի, երբ եղանակները տաքանան։ Մանկական թատրոնն արդեն 5 տարի է, ինչ ներկայացում չի ունեցել։ Վրացական թատրոնը չի գործում արդեն 4 տարի է: Քսպոյանի խոսքով, վրացական թատրոնը 5 տարի առաջ է ներկայացրել կարճ վոդևիլ:
2022 թվականին տեղական բյուջեից սուբսիդիա է ստացել 180 900 լարիի չափով, 8000 լարիով միավորման բյուջեն լրացվում է սեփական եկամուտներից։ Աշխատավարձերի համար սուբսիդիայից 172 080 լարի է հատկացված, իսկ եկամուտներից՝ 3 000 լարի: Ապրանքների և ծառայությունների համար սուբսիդավորումից 8 820 լարի է հատկացված, իսկ եկամուտներից՝ 5 000 լարի։
Ակումբային միավորումը, ըստ քաղաքապետարանի, ակումբներ ունի 34 գյուղերում, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական աշխատող։
Ակումբային միավորումն ունի 23 հաստիք, գումարած 34-ը գյուղերում, ընդհանուրը՝ 57: Ակումբային միավորման տնօրենը ստանում է 1100 լարի, հաշվապահը՝ 570 լարի, փոխտնօրենը՝ 480 լարի։
Ըստ Ակումբային միավորման հաստիքացուցակի, գոյություն ունեն հետևյալ հաստիքները՝ հետևյալ աշխատավարձով.
Հայկական համույթի պարուսույց՝ 380 լարի,
Վրացական համույթի պարուսույց՝ 380 լարի,
Վրացական թատրոնի ռեժիսոր՝ 350 լարի,
Վրացական թատրոնի ռեժիսորի օգնական՝ 210 լարի,
Ժողգործիքների համույթի ղեկավար՝ 260 լարի,
Հայկական ժողովրդական թատրոնի տնօրեն՝ 350 լարի,
Հայկական ժողովրդական թատրոնի ռեժիսորի օգնական՝ 270 լարի,
Տիկնիկային թատրոնի ղեկավար՝ 350 լարի,
Տիկնիկային թատրոնի ղեկավարի օգնական՝ 220 լարի,
Խմբի ղեկավար՝ 250 լարի,
Մանկապատանեկան թատրոնի տնօրեն՝ 250 լարի,
Մանկապատանեկան թատրոնի ղեկավարի օգնական՝ 220 լարի,
Երաժիշտ, 3 անձ՝ յուրաքանչյուրը 255-ական լարի,
Երգչախմբի ղեկավար՝ 350 լարի,
Էլեկտրական լուսավորիչ՝ 300 լարի,
Հավաքարար, 2 անձ՝ 230 լարի:
Մարզահամալիր
Այստեղ երեխաներն անվճար զբաղվում են երկու մարզաձեւով՝ բռնցքամարտ եւ քիքբոքսինգ: Մարզահամալիրը մասնաճյուղեր ունի գյուղերում, որտեղ մարզում են նրանց մարզիչները։ Բազմաթիվ խմբեր կան: Տնօրեն Ատոմ Էլիզբարյանի խոսքով, խմբերը գերծանրաբեռնված են, յուրաքանչյուր խմբում 25-ի փոխարեն 40 հոգի է։ Ընդհանուր առմամբ, մարզահամալիրում մարզվում է 400 հոգի։
2022 թվականին տեղական բյուջեից ստանում է 226 800 լարի, մարզահամալիրը եկամուտ չունի։ Աշխատակիցների աշխատավարձերի համար նախատեսված է 175 320 լարի։ Ապրանքների և ծառայությունների համար հատկացվել է 51 480 լարի, գործուղումների համար՝ 1250 լարի, հաղորդակցման ծախսերի համար՝ 720 լարի, կոմունալ ծախսերի համար՝ 20 200 լարի, որից 1600 լարի էլեկտրաէներգիայի, իսկ 18 600 լարի՝ գազի։
Մարզահամալիրում աշխատում է 39 մարդ։ Տնօրենը ստանում է 1100 լարի, վաստակավոր մարզիչը՝ 840 լարի, սովորական մարզիչը՝ 740 լարի, սերտիֆիկացված մարզիչները (այդպիսիք երեքն են)՝ 460-ական լարի, առաջատար մարզիչները (2 հոգի)՝ 360-ական լարի։
Գեղարվեստի դպրոց
Այստեղ կերպարվեստի հիմունքներն է ուսումնասիրում 40 երեխա, այդ թվում՝ գյուղերից, ուսման վարձը խորհրդանշական է՝ ամսական 5 լարի։
2022 թվականին տեղական բյուջեից ստանում է 69 400 լարի, իսկ Գեղարվեստի դպրոցի սեփական եկամուտը կազմում է 2000 լարի։ Դպրոցում հաղորդակցման ծախսերը 846 լարի է, իսկ կոմունալ ծառայություններինը՝ 5694 լարի։
Գեղարվեստի դպրոցն իր եկամուտից 1014 լարի հատկացնում է գրենական պիտույքներ, թուղթ և այլ պարագաներ գնելու համար, իսկ 522 լարի ծախսում ոչ թանկ տեխնիկայի վրա։
Գեղարվեստի դպրոցում աշխատում է 12 մարդ, տնօրենի աշխատավարձը 700 լարի է։ Ուսուցիչները 7 հոգի են, ստանում են 410-ական լարի։
Մարզադպրոց
Այստեղ գործում են 7 հետևյալ սպորտային բաժինները՝ ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, կարատե, ռեգբի, ազատ ոճի ըմբշամարտ և սեղանի թենիս։ Ընդհանուր առմամբ մարզադպրոց է հաճախում 285 սան։
Այն տեղական բյուջեից ստանում է 205 400 լարի, 155 240 լարի հատկացվում է աշխատավարձերին, 720 լարի տրամադրվում է հաղորդակցման ծախսերին, իսկ 10 560 լարի՝ կոմունալ ծախսերին, որից 1000 լարին ծախսվում է էլեկտրաէներգիայի, իսկ 9560 լարին՝ ջեռուցման համար։
Մարզադպրոցում աշխատում է 40 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները։ Տնօրենը ստանում է 750 լարի։ Մարզադպրոցը եկամուտ չունի:
Գրադարանային միավորում
Ամբողջությամբ աշխատում է սուբսիդավորմամբ: Միավորումում աշխատում է 31 մարդ, այդ թվում՝ 17 գյուղերի գրադարանավարներում։ Միավորման տնօրենը ստանում է 700 լարի, ավագ գրադարանավարները(4 հոգի)՝ 370-ական լարի։ Գյուղի գրադարանավարները ստանում են 210-ական լարի:
Տեղական բյուջեից Գրադարանային միավորումը ստանում է 106 800 լարի, որից 102 300 լարին գնում է աշխատավարձերին։ Գույքի եւ ծառայությունների համար հատկացվել է 4500 լարի։ Հաղորդակցման համար՝ 1400 լարի, իսկ կոմունալ ծախսերի համար 50 լարի, որը ծախսվում է հոսանքի համար։ Ջեռուցման համար գումար չի հատկացվել։
Աշուղական դպրոց
Դպրոցը ներկայումս ունի 6 աշակերտ։ Այն եռամյա է, այս տարի այն կտա 1 շրջանավարտ:
Սուբսիդիան կազմում է 27 700 լարի։ Սեփական եկամուտը՝ 6000 լարի։ Սուբսիդիայից 27 700 լարին ուղղվում է 7 աշխատակցիցների աշխատավարձերին: Եկամուտից 140 լարին նույնպես գնում է աշխատավարձերին։ Սեփական եկամուտներից ապրանքների և ծառայությունների համար հատկացվել է 5860 լարի։
Տնօրենը ստանում է 700 լարի, ուսուցիչները՝ 210-ական լարի։
Երաժշտական դպրոց
Երաժշտական դպրոցում տարբեր գործիքներ նվագել սովորում է 158 երեխա։ Ուսման վճարը նույնպես խորհրդանշական է՝ տարեկան 120 լարի
Այն մունիցիպալիտետի բյուջեից ստանում է 162 800 լարի, եկամուտը՝ 19 200 լարի։ Դպրոցն իր եկամուտներից 1400 լարի վճարում է հաղորդակցման ծախսերի համար, իսկ կոմունալ ծախսերին, սեփական եկամուտներից հատկացված է 6100 լարի, այնտեղից 400 լարի վճարվում է էլեկտրաէներգիայի համար, 5700 լարի հատկացվում է ջեռուցմանը։ 4880 լարի սուբսիդիայից վճարվում է ջեռուցման համար։ Երաժշտական դպրոցում աշխատում է 30 հոգի։ Տնօրենի աշխատավարձը 1100 լարի է։ Ուսուցիչները լրիվ դրույքի դեպքում ստանում են 465 լարի։
Ազգագրական թանգարան
Սուբսիդիան կազմում է 50 400 լարի, սեփական եկամուտը՝ 500 լարի, այն լրիվությամբ ծախսվում է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար։ Սուբսիդիայից 41 160 լարին բաժին է ընկնում աշխատավարձերին։ 9240 լարի գնում է ապրանքներին և ծառայություններին։ Հաղորդակցման ծախսերի համար հատկացվել է 1340 լարի, կոմունալ ծախսերի համար՝ 5550 լարի, որից 150 լարին՝ էլեկտրաէներգիայի, 5400 լարին՝ ջեռուցման համար։
Թանգարանում աշխատում է 9 մարդ, ներառյալ՝ հավաքարարը և տնտեսվարը։ Տնօրենի աշխատավարձը 700 լարի է, մյուս աշխատողներինը՝ 240-ից 320 լարի։
Շախմատի դպրոց
Շախմատի դպրոցում սովորում է 75 երեխա:
Ամբողջությամբ սուբսիդիաների հաշվին է: Բյուջեն 43 900 լարի է: Այստեղից 36 240-ը բաժին է ընկնում աշխատավարձերին։ Գործուղումների համար նախատեսված է 300 լարի, իսկ ապրանքների և ծառայությունների համար՝ 5660 լարի։
Հաղորդակցման ծախսերի համար հատկացվել է 840 լարի, կոմունալ ծախսերի համար՝ 3270 լարի, որից 360 լարին ուղղվում է էլեկտրաէներգիային, իսկ 2910 լարին՝ ջեռուցմանը։ Շախմատի դպրոցում աշխատում է 6 հոգի՝ տնօրենը, հաշվապահը և 4 մարզիչ։
Տնօրենի աշխատավարձը 750 լարի է, մարզիչներինը՝ 470 և 380 լարի։
Հանրային առողջապահության կենտրոն (ՀԱԿ)
Ստանում է 253 200 լարիի սուբսիդիա, կազմակերպությունը սեփական եկամուտ չունի։ Դրանից 233 280-ը բաժին է ընկնում աշխատավարձերին, 19920-ը՝ ապրանքներին և ծառայություններին։ Գործուղումների համար՝ 2000 լարի։ Հաղորդակցման ծախսերի համար հատկացվել է 1600 լարի, իսկ 6000 լարի՝ կոմունալ ծառայությունների համար, որը ծախսվում է ջեռուցման համար։
Հանրային առողջապահության կենտրոնում աշխատում է 23 մարդ, տնօրենի աշխատավարձը 1380 լարի է, հաշվապահինը՝ 870 լարի, մասնագետները ստանում են 580-ից 870 լարի։
Մանկապարտեզների միավորում
Ախալքալաքի և շրջանի գյուղերի մանկապարտեզներում անվճար դաստիարակվում է մոտ 1100 երեխա:
Տեղական բյուջեից հատկացվել է 1 մլն 865 հազար լարի, որից 1 մլն 254 հազար 690 լարին ծախսվում է աշխատողների աշխատավարձերի վրա։ Գրասենյակային ծախսերը կազմում են 114 745 լարի։ Հիվանդության պատճառով ապաքինվելու արձակուրդի համար հատկացվել է 10 հազար լարի։ 571 310 լարի՝ ապրանքների և ծառայությունների համար, 400 լարի՝ գործուղումների համար։ Հաղորդակցման ծախսերի համար հատկացվել է 7070 լարի։
Երեխաների սննդի համար հատկացվել է 404 498 լարի։ Կոմունալ ծախսերը կազմում է 97 875 լարի, որից 16 000 լարին վճարվում է հոսանքի, 975 լարին՝ ջրի, 80 000 լարին՝ գազի համար։
Միավորումում աշխատում է 11 մարդ, տնօրենի աշխատավարձը 1500 լարի է, փոխտնօրենինը՝ 900 լարի, վիճակագիրը ստանում է 580 լարի, մեթոդիստը՝ 450 լարի, լոգոպեդը և հոգեբանը՝ 350-ական լարի։
Ըստ հաստիքացուցակի 13 մանկապարտեզներում 18,5 հաստիք է: Բոլոր 13 մանկապարտեզների տնօրենների աշխատավարձը 790 լարի է, բացառությամբ թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզի, որտեղ տնօրենի աշխատավարձը 820 լարի է։ Դաստիարակները ստանում են 600 լարի, դայակները՝ 410 լարի։
Երեք այլընտրանքային մանկապարտեզներում երկուական դաստիարակ կա, որոնք ստանում են 400-ական լարի, 1-ական դայակ, որոնց աշխատավարձը 230 լարի է։
Մանկապարտեզներում կան նաև 4 պայմանագրային աշխատողներ, նրանց աշխատավարձը 240 լարի է։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոն
Այն 2022 թվականին տեղական բյուջեից ստանում է 1 019 700 լարի։ Կենտրոնն ունի 5 ծառայություն: Պայմանագրով իրավաբանական կազմակերպություններից աղբահանության համար Սպասարկման կենտրոնը ստանում է եկամուտ: Եկամտի չափը տարբեր է, վճարում են խանութները, ծիսակատարությունների տները, մաքսատները, հիդրոէլեկտրակայանները, ռազմաբազան և այլն։ Անցյալ տարի այս գումարը կազմել է մոտ 75 000 լարի, որը ծախսվել է կազմակերպության տարբեր կարիքների համար։ Իսկ ֆիզիկական անձանց վճարումից ստացված եկամուտը գնում է քաղաքապետարանի հաշվին։
Սպասարկման կենտրոնի տնօրենը ստանում է 1950 լարի, բոլոր ծառայությունների ղեկավարները ստանում են 1030 լարի։ 8 վարորդը ստանում են 800-ական և 860-ական լարի, 22 հավաքարարը՝ 860-ական լարի։
«Սանմաքրում» ծառայությանը հատկացվել է 825 900 լարի։ Աշխատավարձերի համար սուբսիդայից հատկացվում է 550 440 լարի, ապրանքների և ծառայությունների համար՝ 275 460 լարի, գործուղումների համար՝ 170 լարի, գրասենյակային ծախսերի համար՝ 8350 լարի։ Հաղորդակցման ծախսերին հատկացվել է 2800 լարի, կոմունալ ծախսերի համար՝ 3850 լարի, որից 350 լարի էլեկտրաէներգիայի, 3500 լարին՝ ջեռուցման համար։ Ծառայությունում աշխատում է 53 մարդ։
Լուսավորության ծառայությանը սուբսիդավորումից հատկացվել է 107 900 լարի, 44 280 լարին՝ աշխատավարձերին, 63620 լարի հատկացվել է ապրանքների և ծառայությունների համար։ Այս ծառայությունում աշխատում է 5 մարդ։
Ջրամատակարարման ծառայությունը ստանում է 34 400 լարի, 29 160 լարի գնում է աշխատավարձերին, 5240-ը ծախսվում է ապրանքների և ծառայությունների վրա։ Ծառայությունում աշխատում է 3 մարդ։ Մասնագետները ստանում են 700 լարի։
Կանաչապատման ծառայությունը ստանում է 51500 լարի, աշխատավարձերն այս գումարից կազմում է 44 280 լարին։ Ապրանքների և ծառայությունների համար հատկացվել է 7220 լարի։ Ծառայությունում աշխատում է 4 մարդ։ Մասնագետի աշխատավարձը 940 լարի է, բանվորներինը՝ 860 լարի։
Բոլոր 13 կազմակերպությունում ջրի վարձը վճարում է մունիցիպալիտետը, միայն Մանկապարտեզների միավորումն է վճարում իր ջրի սպառման ծախսերը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 14 կազմակերպություններից մեծ մասը՝ 8 կազմակերպությունը, եկամտաբեր չեն, իսկ 6-ը եկամուտներ ունեն, թեև դրանք փոքր են, այդ կազմակերպությունները չեն կարող աշխատել առանց սուբսիդավորման։