Այսօր՝ մարտի 18-ին, Ախալքալաքի Ջավախեթյան փողոցի ջրագծի փոխման աշխատանքները պետք է վերսկսվեին, սակայն բնակիչները դեմ են։ Թե երբ վերսկսել աշխատանքը՝ կորոշվի երկուշաբթի օրu` Ախալցիխեում։
Արդեն երկրորդ օրն է, ինչ ակտիվ վիճաբանություններ են ընթանում այն հարցի շուրջ, որ Ջավախեթյան փողոցում, չնայած ձյանն ու սաստիկ ցրտահարություններին, պետք է վերսկսվեն վերականգնողական աշխատանքները, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է։ Այսօր «Մշենեբլոբա» ընկերությունը տեխնիկա էր բերել աշխատանքների վայր, տեղում էին նաև Ջավախեթյան փողոցի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի փոխարինումը ֆինանսավորող Վրաստանի Միավորված ջրամատակարարման ծառայության կենտրոնի ներկայացուցիչները։ Սակայն փողոցի բնակիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին և «Մշենեբլոբա» ընկերությունը չվերսկսեց աշխատանքը։ Բանն այն է, որ եթե հիմա շինարարները հանձն առնեն փոխել ջրագիծը, ապա ստիպված են լինելու անջատել ջուրը աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքում։
«Եթե դուք ձեր տանը ջուր չունենաք, միթե՞ ադպես կարելի է: Ի՞նչ է, մենք պիտի սառենք: Առնվազն մի ամիս հարկավոր է ջեռուցումը միացնել»,- ասում է փողոցի բնակիչներից մեկը։
Բնակիչները նույնպես վրդովված են, քանի որ աշխատանքները սկսվել էին 2021 թվականի նոյեմբերին, փողոցի մի մասը փորվել էր, և փողոցով տեղաշարժը դժվարացել էր ողջ ձմեռվա ընթացքում։ Բնակիչները ցանկանում են, որ փողոցի վերականգնումը վերջապես ավարտվի, բայց հիմա նրանք պատրաստ չեն մնալ առանց ջրի։
«Մենք բացարձակապես պետք չէր, որ այդ աշխատանքները սկսվեին նոյեմբեր ամսին: Եթե նույնիսկ հիմա էլ սկսեն, ապա կսկսվի անձրևների սեզոնը: Ճանապարհը կլինի անանցանելի, մենք թույլ չենք տա, որ հիմա սկսվի, սա անիրատեսական է: Նման բան չի կարելի թույլ տալ»,- ասում էին Ջավախեթյան փողոցի բնակիչները՝ Միավորված ջրամատակարարման ծառայության կենտրոնի ներկայացուցիչներին։
Այս տենդերային ծրագիրն իրականացնող ընկերությունն իր հերթին համաձայն է, որ այժմ չարժե վերսկսել աշխատանքները։ Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ այն աշխատանքները, որոնք իրականացվելու են եղանակային այս պայմաններում, անորակ կլինեն։
«Տեխնիկայի, շինանյութերի հետ մենք խնդիր չունենք: Մենք հիմա էլ կարող ենք սկսել: Ճիշտ է, դժվար կլինի աշխատել, բայց անհնարին ոչինչ չկա: Սակայն բնակիչները դեմ են, և իրենք ճիշտ են: Եթե ջուրը հիմա մենք փակենք, մեկ ամիս և ավելի դժվար կլինի նրանց համար»,- ասում է «Մշենեբլոբա»-ի ներկայացուցիչ Վարդան Չոլախյանը։
Արդյունքում, Միավորված ջրամատակարարման սպասարկման կենտրոնի ներկայացուցիչները՝ «Մշենեբլոբա»-ի ներկայացուցիչների հետ միասին, որոշել են աշխատանքի ժամկետի հետաձգումը քննարկել երկուշաբթի օրը՝ Ախալցիխեում։
«Մենք ուզում ենք, որ բնակչությունը դժգոհություն չունենա, ուզում ենք, որ նրանք գոհ լինեն կատարված աշխատանքից: Մեր վերադասներն Ախալցիխեում են: Երկուշաբթի օրը շինարարի հետ կգնանք Ախալցիխե, կնստենք, կխոսենք, կբացատրենք ստեղծված իրավիճակը՝ եղանակային պայմաններից ելնելով: Ընդհանուր հայտարարի կգանք: Այս պահին բոլոր ժամկետները խառնվել են: Ճանապարհային վարչության թույլտվության հետ կապված խնդիրներ են եղել, ուշ են թույլտվությունը տվել, ժամկետները հետաձգվել էին։ Հետաձգվել են նաև ժամկետները եղանակային պայմանների պատճառով: Կոնկրետ ժամկետները ինձ հայտնի չեն: Ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի օրը»,- ասում է Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Գիորգի Վախթանգիշվիլին։
Jnews-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ Ջավախեթյան փողոցում նոր կոյուղագծի կառուցման շինարարական աշխատանքների էլեկտրոնային մրցույթը շահել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսվեին և ավարտվեին 4 ամսում՝ մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ, սակայն ձմեռային շրջանի պատճառով ժամկետները հետաձգվել էին երկու ամսով։
Քրիստինե Մարաբյան