Ուկրաինայի հայերի միության ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ապրում է մոտ 400 հազար հայ։ Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում այժմ պատերազմ է ընթանում, ուկրաինահայերից շատերը չեն լքել երկիրը և ամեն կերպ փորձում են օգնել ինչով կարող են։
Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Եպիսկոպոս Մարկոսյանն օրհնել է Կիևում գտնվող կամավորներին։
Հիմնականում հայերն ապրում են ինչպես մայրաքաղաք Կիևում, այնպես էլ Լվովում, ռազմական գործողությունների էպիկենտրոնում՝ Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Դնեպրում, ինչպես նաև Ղրիմի որոշ քաղաքներում։ Երկրի ողջ տարածքում, Ուկրաինայի հայերի միությունից բացի, գործում է 20 մարզային համայնք։ Ուկրաինայում գործում են Հայ երիտասարդների միությունը, Սպորտի կոմիտեն, Կրթության կոմիտեն, Պատմամշակութային կոմիտեն, Ուկրաինայի հայերի միության կանանց կոմիտեն։
Հայերը ներկայացված են երկրի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից ընդհուպ մշակույթ, առողջապահություն, սպորտ և ռազմական ոլորտ: Դե իսկ այժմ հայերը, ինչպես և երկրի մյուս բնակիչները, վերապրում են պատերազմ, ականատեսը դառնում ռմբակոծությունների և երկրում տիրող այլ դժվարությունների ու զրկանքների։
Կիևի բնակիչ Մարատ Հակոբյանը կարծում է, որ պատերազմն ավելի շատ ահաբեկիչ բնույթ ունի խաղաղ բնակչության, քան զինվորականների նկատմամբ։ Նրա խոսքով, հայ համայնքը սերտորեն կապված է և այդ կապը համակարգում է Ուկրաինայի հայերի միություն կոչվող կազմակերպությունը։ Բոլոր մարզերն ունեն իրենց համայնքի ղեկավարները, որոնք համակարգվում են Կիևի հետ։ Նույնիսկ այնպիսի քաղաքներում, որոնք շրջափակման մեջ են, ինչպիսիք են օրինակ՝ Մարիուպոլն ու Խերսոնը, Լուգանսկը, Դոնեցկը…
«Համայնքը բաղկացած է ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներից, հետևաբար, տարբերություն չկա, և բոլոր նախազգուշական միջոցառումները բոլորի համար են, իհարկե, Հայաստանի քաղաքացիների համար էլ են, բայց նրանք քիչ են։ Նրանցից շատերն արևմտյան Ուկրաինայով մեկնել են Լեհաստան։ Չնչին մասը գնացել է Հայաստան, բայց բոլորը կվերադառնան, մենք կապի մեջ ենք (…) Մեզանից յուրաքանչյուրն անում է իր գործը, ամեն կերպ օգնում է և՛ խաղաղ բնակչությանը, և՛ զորքին։ Մեր երկրի խնդիրները՝ մեր խնդիրներն են: Հաղթանակը՝ մեր հաղթանակն է»,- ասում է Մարատ Հակոբյանը։
Ժիտոմիրահայերը սնունդ են բաժանում կարիքավորներին
Մարատը հպարտանում է իր հայրենիքով և իր որդով, ով այժմ նույնպես պայքարում է հանուն իր երկրի և լծված է տարածքային պաշտպանության գործին:
«Պատերազմի այս 8 տարիների ընթացքում մենք 100-ից ավելի զոհ ենք ունեցել, ովքեր ծառայել են ուկրաինական բանակում: Համայնքն ամենուր փորձում է օգնել զոհվածների ընտանիքներին: Այս պատերազմի ընթացքում զինվորականների շրջանում զոհվածների մասին տեղեկություններ չկան: Բայց տեղեկություններ կան Խերսոնում սպանված մեկ խաղաղ բնակչի մասին: Նրանք հիմնականում հարված են հասցնում քաղաքացիական օբյեկտներին, զորախմբերի հետ չեն կարողանում պատերազմել,փորձում են խուսափել: Ուստի հարվածները հասցվում են քաղաքներին: Ֆրանսիայից մեր բարեկամները մեզ օգնություն են առաջարկել, բայց մենք դեռ ինքներս կփորձենք դուրս գալ այս իրավիճակից, քանի որ համայնքն ուժեղ է: Մենք ինքներս կարող ենք օգնել մեր հայրենակիցներին: Այլ օգնություն պետք չէ: Պատերազմը պետք է ավարտվի, մենք պետք է հաղթենք, այս իրավիճակից այլ ելք չկա»,- ասում է Մարատը։
Հաճախ սոցցանցային տիրույթում կարելի է հադիպել կոչերի՝ օգնելու այս կամ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հոգ տանել իրենց մասին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց… Հաճախ օգնության նման կոչերին արձագանքում են, այդ թվում՝ հայ համայնքը։ Օրինակ, Խարկովում, որը գտնվում է ինտենսիվ հրետակոծության տակ, հայերը՝ և ոչ միայն, կարող են օգնություն գտնել հայկական եկեղեցու բակում։ Մյուս քաղաքներում էլ են ակտիվիստները շատ։ Նրանցից մեկը Կիևից Սուսաննա Մնացականյանն է։
«Ես աշխատում եմ Եվրոպայի խորհրդում, ճիշտ է, հիմա արձակուրդում եմ, աշխատավարձ ունեմ, տնից դուրս գալու տեղ կար, մենք ողջ ընտանիքով միասին ենք, ուտելիք, ջուր, լույս և ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունենք։ Բացի պատերազմի սարսափելի ցավից և սեփական տանը ապրելու անհրաժեշտությունից, ինձ ոչինչ չի անհանգստացնում: Ես փորձում եմ օգնել բոլորին, ինչպես կարող եմ: Քաղաքում, որտեղ մենք ժամանակավորապես հաստատվել ենք, մարդասիրական խնդիրներ չկան, ուստի չկա «օգնության ձեռքի» կարիք: Մենք օգնում ենք առցանց և տեղեկատվական տարածքում, ինչպես նաև ֆինանսապես: Հայերն ուկրաինացի ժողովրդի անբաժանելի մասն են: Հետևաբար, մենք մտահոգված ենք բոլոր այն խնդիրներով, որոնց բախվում է Ուկրաինան՝ Ռուսաստանի ռազմական ներխուժման հետ կապված»,- ասում է Սյուզաննա Մնացականյանը։
Զապորոժիայի հայերն օգնում են պաշտպանական կառույցներ սարքել
Շատ հայեր, ուկրաինացիներ և այլք լքել են քաղաքները, որոնք ավերվել են հրետանային արկերից։ Արմինե Խարազյանը չի պատրաստվում հեռանալ ամեն օր անընդմեջ գնդակոծության տակ գտնվող Խարկովից: Նա Հայաստանի քաղաքացի է, ով 28 տարի ապրում է Ուկրաինայում։ Այս ամբողջ ընթացքում, ըստ նրա, ինքը երբեք չի բախվել այլատյացության, խտրականության, ատելության խոսքի, չնայած իր էթնիկ ծագմանը, ինչպես ներկայացնում են տարբեր լրատվամիջոցներ և անհատներ սոցիալական ցանցերում։
«Գնդակոծում են, մարդիկ արդեն խուճապի չեն ենթարկվում, ինչպես առաջին օրերին էր: Մարդիկ կան, որոնք մնում են իրենց տներում, բայց հիմնականում բոլոր ավտոկայանատեղիում (նկուղում) պայմաններ են ստեղծվել, որ մարդիկ այնտեղ թաքնվեն, բացի այդ՝ այնտեղ թաքստոցներ, շենքի տակ նկուղներ կան, մարդիկ հնարավորություն ունեին առաջին իսկ օրերից ինտերնետի միջոցով որոշել, թե որտեղ թաքնվեն: Ոմանք լքել են քաղաքը, մեկնել իրենց ամառանոցներ, ոմանք ընկերների հետ գտել են ինչ-որ տեղ, որտեղ ավելի ապահով է, ոմանք իրենց երեխաներին ու կանանց ուղարկել են արևմուտք՝ ավելի ապահով վայրեր, իսկ տղամարդիկ մնացել են ու պաշտպանում են իրենց հայրենիքը: Խանութներում մթերք կա: Չեմ կարող ասել, թե քանի հայ է մնացել քաղաքում, բայց հավանաբար մոտ կեսը մեկնել է արտերկիր կամ գնացել անվտանգ քաղաքներ։ Իսկ նրանք, ովքեր մնացել են՝ կամավորներն են, որոնք օգնում են, սնունդ պատրաստում և այլ օգնություն ցուցաբերում բանակին, թոշակառուներին ու անօթևաններին»,- պատմում է Արմինեն։
Այս պահին, ըստ նրա, ինքը որևէ օգնության կարիք չունի։ Հիմա այս երկիրը դժվարությունների մեջ է, և նա չի լքի այն՝ դա իր կողմից համարելով դավաճանություն։
«Ես երբեք էթնիկական հողի վրա խտրականություն չեմ տեսել: Ես 28 տարի է, ինչ ապրում եմ այս երկրում, խոսում եմ ռուսերեն, և ինձ ոչ ոք ոչինչ չի ասել: Դա Ռուսաստանում են մեզ երկրորդ կարգի համարում, իսկ Ուկրաինայում մեծ հարգանքով են վերաբերվում հայերիս, և ոչ միայն… Խարկովն ինտերնացիոնալ քաղաք է, և այստեղ ապրում են տարբեր ազգություններ, ես այսքան ժամանակ խտրականություն չեմ զգացել ու չեմ տեսել»,- ասում է Արմինե Խարազյանը։
Պատերազմը կործանում է բոլորին՝ ընտություն կատարելով ոչ ըստ ազգության։ Ռուս-ուկրաինական պատերազմում իրար դեմ մարտնչում են ռուս ու ուկրաինացի հայերը, ռուսները, ուկրաինացիները…
Քրիստինե Մարաբյան