Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նշել է, որ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, բայց Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը ողջունելի է իրենց համար:
Չավուշօղլուն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք ցանկանում են, որ ճգնաժամը ավարտվի խաղաղ ճանապարհով և այս առումով մեծ նշանակություն են տալիս դիվանագիտությանը:
Չավուշօղլուն և Լավրովը հանդիպել են մամուլի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը։
Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Լավրովին Անթալիա մեկնելու և եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։
Նա նաև նշել է, որ իրենք կարողանում են Ռուսաստանի հետ աշխատել այնպիսի բարդ խնդիրների շուրջ, ինչպիսին օրինակ Սիրիայի հարցն է: