Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մունիցիպալ արոտավայրերի վարձակալության ժամկետն ավարտվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այս տարի մունիցիպալիտետը վարձակալների հետ նոր պայմանագրեր կկնքի։ Արոտավայրերը վարձակալվում են էլեկտրոնային աճուրդով։ Այս պահին աճուրդի է հանված մեկ հողամաս Բուզավեթ գյուղում։

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ի պատասխան Jnews-ի հայցադիմումին քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը 3 տարով վարձակալության է տրվել 2290 հա արոտավայր։ Այստեղից տեղի ֆերմերներին վարձակալության են տրվել 345 հեկտար արոտավայր։ Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում Ջավախքի Պահպանվող տարածքներից 7733 հա արոտավայր վարձակալության են տրվել 5 տարի ժամկետով։

Քաղաքապետարանը նոր պայմանագրեր կկնքի նոր վարձակալների հետ: Քաղաքապետարանի պլանատնտեսական ծառայությունից ասացին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օգնեն տեղի ֆերմերներին, որոնք ունեն բավական մեծ անասնաբուծական տնտեսություն, որպեսզի նրանք հնարավորության դեպքում կարողանան արոտավայրերը վարձակալել առանց աճուրդի։ Այնուհետեւ մնացած մասը կհանվի աճուրդի։ Քաղաքապետարանից հայտնում են, որ մինչ այժմ արոտավայր վարձակալելու խնդրանքով իրենց է դիմել մեկ ֆերմեր։

Մունիցիպալ արոտավայրերի սկզբնական վարձավճարը 1 հա-ի համար տարեկան 15 լարի է, նույնքան էլ գույքահարկն է։ 15 լարի է կազմում նաև պահպանվող տարածքներում գտնվող հողամասի հարկը։

Նշենք, որ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության համար աճուրդը սկսվել է։ «Մատչելիություն պետական արոտավայրերին» ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն իսկ հայտարարվել է Բուզավեթ գյուղում 107,67 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության աճուրդ։

Աճուրդին կարող եք հետևել այս հղումով.

Ծրագրի առաջին փուլում ընտրված արոտավայրերի վարձակալության հայտերի ընդունումը կմեկնարկի մարտի 28-ին և կտևի մինչև ապրիլի 26-ը։