Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում փետրվարի 22-ին հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին։ Ռուսաստանը խաղաղապահի դերն է ստանձնել հայ-ադրբեջանական հակամարտությունում և առանց նրան հարցեր չեն լուծվում։ Ռուսաստանը ակտիվ մասնակցում է «3+3» ձևաչափում, որտեղ Հարավային կովկասի հարևան մեծ պետությունները փորձում են «կիսել» ազդեցությունը դրա փոքր պետությունների վրա: Այս ամենի համատեքստում ի՞նչ դիրքում է և ի՞նչ դեր ունի Վրաստանը:
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի համագործակցության համաձայնագրի շուրջ հայտարարությունում նշված է մի քանի կետ.
«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային համագործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև չմիջամտելու սկզբունքների հիման վրա։ Միմյանց ներքին գործերում՝ հավասարություն և փոխշահավետություն, վեճերի խաղաղ կարգավորմամբ և ուժի սպառնալիքի չկիրառմամբ։
Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վարում են անկախ արտաքին քաղաքականություն՝ ուղղված իրենց ազգային շահերի պաշտպանությանը։
Երկու երկրները համագործակցում են խաղաղության ամրապնդման, կայունության և անվտանգության բարձրացման համար՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով»։
Վրաստանի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գիորգի Գոբրոնիձեն Jnews-ի հետ զրույցում բացատրում է, որ Ռուսաստան-Ադրբեջան համաձայնագիրը Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա քիչ ազդեցություն կունենա: Սակայն դա չի նշանակում, որ այդ համագործակցությունը Վրաստանի համար կարևոր չէ:
Ըստ պրոֆեսոր Գիորգի Գոբրոնիձեի, Ռուսաստանի կողմից նշված պայմանագրի կնքումը, որոշ չափով պայմանավորված է նաև նրանով, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի հետ մտերմանալու ճանապարհով Ադրբեջանում ազդել թուրքական ազդեցության նվազեցմանը:
«Փորձում է մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի հետ ամուր հարաբերություններով հասնել այն բանին, որ իրագործվի Ղարաբաղի կրկնվող կոնֆլիկտի հետևանքով ձեռք բերված միջազգային համաձայնագրերը: Հայկական կողմն իր վրա է վերցրել պարտականություն, որ Սյունիքով տրանսպորտային միջանցք բացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, և դրանից ելնելով Ռուսաստանը փորձում է այս ձևով Կովկասյան տարածաշրջանում առաջատար պետություն մնալ: Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանն այսօր ներկայացնում է ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական հետաքրքրությունների հատման տարածք, ինչպես նաև Իրանի: Այդ պատճառով բոլոր պետությունները փորձում են Ադրբեջանի հետ որոշակի կոմունիկացիա կառուցել»:
Ինչպես նշում է պրոֆեսորը, Վրաստանի համար կենսական կարևոր հարցեր են տարածաշրջանում երկարատև խաղաղության պահպանումը, և այն, որ տարածաշրջանում չլինի որևիցե մանիպուլացիա: Նա հավելում է, որ
Վրաստանի համար կենսականորեն կարևոր է լավ հարաբերություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Թուրքիան առաջ է քաշել տարածաշրջանային հարցերի լուծման նոր՝ «3+3» ձևաչափ, որը ենթադրում է՝ մի կողմից Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությունը, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի։ Ձևաչափի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, որին Վրաստանը չի մասնակցել, ասելով, որ չի կարող այդ ձևաչափին մասնակցել այն դեպքում, երբ այնտեղ ներգրավված է նաև օկուպանտ երկիրը։ Այս պարագայում ինչպիսի՞ ազդեցություն կունենա Վրաստանի չմասնակցությունը պրոֆեսոր Գիորգի Գոբրոնիձեն ասում է.
«Մենք ունենք երկու օկուպացված շրջան, որտեղ տեղակայված են ռուսական ուժերը, և միևնույն ժամանակ հարցականի տակ է, եթե մենք միանանք այս ձևաչափին, ինչպես պետք է գործընկեր լինենք այն պետության հետ, ո՞վ իրականացնում է մեր տարածքների օկուպացիան, ի՞նչ բախտ է սպասվում Ցխինվալիի շրջանին, օրինակ՝ Ռոկիի թունելով՝ հյուսիսից հարավ կապող ճանապարհին, ի՞նչ բախտ է սպասվում Աբխազիայի երկաթգծին: Հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը չի կատարել միջազգային պարտականությունը: Գործնականորեն չկա մեխանիզմ, որով պետք է վերահսկվեն բեռները, չկա մեխանիզմ, որով էլ կատարվի նշված ենթակառուցվածքի ներմուծումը, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհի տնտեսական համակարգում»:
Պրոֆեսորը հավելում է՝ այս նախագիծը կոչվում է «3+3», բայց միևնույն ժամանակ միայն երեքն են, քանի որ տարածաշրջանային երեք մեծ երկիր փորձում են կիսել ազդեցության ոլորտները և չափսերը՝ երեք փոքր պետություններում։ Միակ ընդհանուր բանը, որ կարող են ունենալ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, փորձագետի խոսքերով, դա արևմուտքի շահերի հեռացումն է այս տարածաշրջանից:
«Այսօր արևմուտքի լինելը տարածաշրջանում կարող է լինել կենսական կարևոր, քանի որ, ցավոք, Հայաստանը Թուրքիայի հետ հասկանալի է ինչպիսի հարաբերություններ ունի. ուներ ռազմական դաշնակից, որը ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց իր դաշնակցին անգամ բանավոր աջակցություն ցուցաբերելուց, և միևնույն ժամանակ տարիների ընթացքում Ադրբեջանին զենք էր մատակարարում: (…) Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում էլ արդեն հայտնվեցին ռուսական զորքեր՝ այսպես կոչված խաղաղապահ ուժեր: Այսօր Վրաստանի օկուպացված տարածքներուվ և Հայաստանում դաշնակից բազաների ձևով ներկա են, այսինքն՝ երեք երկրներում էլ զինվորական ներկայությունը երաշխավորված է։ Այստեղից ելնելով կարևոր է, որպեսզի Վրաստանը մնա արևմտյան ուղեծրում: Վրաստանը պետք է խթանի Հայաստանի միջազգային ապամեկուսացմանը»:
Գայանե Ակոջյան