Ինչպես արդեն գրել էինք, Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների ատեստավորման համար հարցաշար է մշակվում։ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պահին աշխատանքներ են տարվում քննական թեստերի վերջնական ձևավորման ուղղությամբ։

«Երկու առարկաներից (Խմբ. Հայոց լեզու և գրականություն) էլ քննական առաջադրանքների բազան պատրաստ է: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի փորձագետները դրա վրա աշխատում են մեկ տարուց ավելի։ Այժմ աշխատանքներ են տարվում քննական թեստերի վերջնական ձևավորման ուղղությամբ։ Կենտրոնի փորձագետները համագործակցում են Հայաստանի քննական կենտրոնի հետ, բացի այդ, հրավիրված են առաջատար հայագետներ։ Ուղղիչ ընտրությունը և ուսուցումը Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից կիրականացվի ապրիլ-մայիս-հունիս ամիսներին։ Այս քննությունները նույնպես կանցկացվեն ուսուցիչների քննություններին զուգահեռ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները (ծրագիր, թեստային նմուշներ) արդեն հրապարակված են մեր կայքում», – հայտնում են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից։

Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում ուսուցիներն արդեն ծանոթանում են բազային։

«Մեզ դեռ ներկայացրած է կմախքը, մենք ծանոթացել ենք Հայաստանի ուսուցիչների համար նախատեսված թեստերին: Մեզ համար դեռ հասանելի չէ, թե քննությունն ինչ չափորոշիչներով կլինի, քանի հարց կլինի, ոչ մի բանից տեղյակ չենք։ Տեղյակ չենք, կլինի արդյո՞ք առանձին տարրական դասարանների և բարձր դասարանների թեստեր։ Ընդհանուր կմախքը կա, թե ինչ թեմա կլինի, ինչ հեղինակ և ստեղծագործություն կլինի դեռ չգիտենք», – ասում է քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը:

«Դեռ ոչ մի թեստ ու նմուշ չկա, միայն ծրագիր կա, սակայն ըստ դրա չես կարող որոշել, թե ինչ կարգի կլինի քննությունը, որովհետև ծրագրում ընդգրկված է ամբողջ հայոց լեզուն, 7-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան։ Գրականության մեջ ներառված է նաև արտասահմանյանը, ոչ դասագրքային, որոնք որ դասագրքերում շատ թռուցիկ է ներկայացված։ Դեռ տարբերակներ չկա։ Դրանք տեղադրված են naec.ge-ում, տարրականի և բարձր դասարանների տարբերություն դեռ չկա, թե հետո պետք է առանձնացնեն չեմ կարող ասել», – ասում է մեկ այլ ուսուցիչ։

Նշենք, որ Վրաստանում արդեն մի քանի տարի է ընթանում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, ըստ որի առարկայական և մասնագիտական հմտություններ հաղթահարած ուսուցիչները ստանում են կոչում՝ հետևաբար նաև բարձր աշխատավարձ։ Այս ամենից, սակայն, զրկված են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մայրենի լեզու և գրականություն առարկաների ուսուցիչները։

Գայանե Ակոջյան