Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2022 թվականի հունվարին՝ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ, Վրաստանում կենսապահովման նվազագույնը բարձրացել է։
2021 թվականի դեկտեմբերին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը կազմել է 223,7 լարի, 2022 թվականի հունվարին այդ ցուցանիշն աճել է 2,5 լարիով՝ կազմելով 226,2 լարի։
Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ միջին սպառողի կենսապահովման նվազագույնը հունվարին աճել է 2,4 լարիով և կազմել 200,4 լարի։
Ազգային վիճակագրական ծառայությունը կենսապահովման նվազագույնը սահմանում է՝ ելնելով նվազագույն մթերային զամբյուղից։ Նվազագույն մթերային զամբյուղը ներառում է ապրանքների այն քանակությունը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդուն՝ նորմալ կյանքի և աշխատունակության համար: Անձնական սպառման մթերային զամբյուղը բաղկացած է 40 ապրանքից՝ հաց, ձավարեղեն, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն։