Փոքր Խանչալի գյուղում կայացավ խաչքարի բացման արարողություն: Խաչքարը նվիրված է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքում կայացավ խաչքարի հանդիսավոր բացումը: Խաչքարն օծեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը, Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ` Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:
Խաչքարը տեղադրվել է գյուղի բնակիչ Սարո Մահտեսյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:
«Սա իմ վաղեմի երազանքն է, ես վաղուց էի ուզում խաչքար տեղադրել, բայց տարբեր պատճառներով չէր ստացվում, ի վերջո, ես կարողացա այս տարի իրականացնել իմ երազանքը: Խաչքարը կարևոր է երիտասարդ սերնդի համար, նրանք պետք է իմանան և միշտ հիշեն: Գան այստեղ կարդան, տեսնեն և իմանան մեր ժողովրդի պատմությունը», – ասում է Սարո Մահտեսյանը:
Ինչպես նաև նախաձեռնողը ցանկություն հայտնեց, որ ամեն տարի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին, ապրիլի 24-ին, բոլորը հավաքվեն Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքում, խաչքարի մոտ, հարգելու համար Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Բորիս Ղարսլյան