Չնայած լարիի ամրապնդմանը, պետք չէ ակնկալել սննդամթերքի գների նվազում առնվազն առաջիկա 3 ամսում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Չկոնիան:
Նրա խոսքով, դրա պատճառներից մեկը ազգային արժույթի նկատմամբ բնակչության վստահության ցածր մակարդակն է:
«Գները չեն նվազում, և դրա համար կան բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ արտասահմանում արտադրանքի գների կտրուկ աճը: Դա սկզբունքորեն կարևոր է՝ հաշվի առնելով Վրաստանի կախվածությունը ներմուծումից։ Աճել են նաև կոմունալ սակագները, որոնք ազդում են ոչ միայն արտադրության, այլ նաև ապրանքների պահպանման վրա: Նաև անընդհատ աճում են էներգակիրների գները, Ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտասահմանում: Խոշոր սուպերմարկետներում ապրանքների թանկացման սպասումներ կան, և դա նույնպես կարևոր դեր է խաղում», – հայտարարել է նա:
Բացի այդ, այստեղ դրված է նաև վստահության հարցը՝ ոչ ոք չգիտի, թե վաղը ազգային արժույթը որ ուղղությամբ կգնա, և արդյո՞ք կրկին արժեզրկում չի սկսվի:
«Լարիի կուրսն ընդհանրապես ոչ մի կերպ չի առնչվում տնտեսության վիճակին, համապատասխանաբար, ոչ ոք չի վստահում լարիի ներկայիս ամրապնդմանը: Առնվազն երեք ամիս ոչ մի փոփոխություն չի լինի, և եթե այդ ժամանակ ամրապնդման և կայունության միտումը պահպանվի, ապա կարելի կլինի խոսել գների իջեցման մասին», – հայտարարել է Իվա Չկոնիան:
Նյութը արտատպված է bizzone.info-ից: