Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կանցկացվի փետրվարի 18-20-ը։ Կառավարության ղեկավարը հրավեր է ստացել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերից։ Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է նամակի տեքստը:
«Մյունխենի անվտանգության համաժողովը հանդիսանում է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման համաշխարհային առաջատար ֆորում։ Ամեն տարվա փետրվարին միջոցառումը համախմբում է ավելի քան 450 բարձրագույն որոշումներ կայացնող բարձրպաշտոնյաների և առաջնորդների ամբողջ աշխարհից՝ քննարկելու միջազգային անվտանգության քաղաքականության ամենահրատապ խնդիրները:
Նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պատճառով մենք չկարողացանք գումարել Մյունխենի անվտանգության համաժողովը 2021 թվականին, չնայած բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ անցկացվեցին վիրտուալ և հեռուստատեսային ձևաչափերով և ստացան «Ճանապարհ դեպի Մյունխեն» անվանումը։ Այս ամենի նպատակն էր, որպեսզի անվտանգության քաղաքականության շուրջ երկխոսություն հաստատվեր միջազգային որոշում կայացնողների միջև և հիմք դրվեր 2022 թվականի փետրվարին սպասվող բանավեճի համար։
2022 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային հանրությանը կառաջարկի շատ եզակի հնարավորություն՝ բարձր մակարդակով փոխանակելու գաղափարները՝ այդ թվում ռազմավարական բանավեճերի միջոցով: Դրանք կլինեն զրույցներ բեմում, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։ Ինչպես նախորդ տարիներին, հիմնական ծրագրի ձևաչափով բանավեճերը հագեցված կլինեն բազմաթիվ զուգընթաց միջոցառումներով, որոնք կազմակերպվում են միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների և կազմակերպությունների կողմից։ Բնականաբար, համաժողովի ձևաչափն ու ծրագիրը կհարմարեցվեն գործող սանիտարահամաճարակային չափանիշներին։ Հուսով եմ, որ կկարողանամ Ձեզ հետ հանդիպել արդեն Մյունխենում՝ 2022 թվականի փետրվարին»,- ասվում է Վոլֆգանգ Իշինգերի նամակում, որն ուղղված է Վրաստանի վարչապետին։