Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և «CRRC–Վրաստան»-ի կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիները առաջընթաց չեն տեսնում իրենց համար կարևոր հարցերի շուրջ: Նրանք կարծում են, որ վերջին 10 տարիների ընթացքում աղքատության, հանցավորության, տարածքային ամբողջականության և կրթության հետ կապված իրավիճակը վատթարացել է»,- ասվում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) զեկույցում։

Կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիների առաջնահերթությունները չեն փոխվում՝ կախված քաղաքական համակրանքներից, ինչը պետք է կողմերի համար համագործակցության առումով խթան հանդիսանա։

Ըստ ուսումնասիրության՝ բնակչության մեծ մասը կարծում է, որ ոչ իշխող կուսակցությունը, ոչ էլ ընդդիմությունը չեն գործում քաղաքացիների շահերից ելնելով։ Նրանք լավատեսորեն չեն տրամադրված նաեւ խորհրդարանի նկատմամբ՝ ասելով, որ օրենսդիր մարմինը չի զբաղվում իրենց համար կարեւոր հարցերով (53%)։

Քաղաքացիների 52%-ը նաև չի հավատում, որ պատգամավորը կկատարի իր խոստումը և կլուծի խնդրահարույց հարցերը։ Բնակչության միայն մեկ երրորդն է կարծում, որ խորհրդարանը կանոնավոր հաղորդակցություն ունի քաղաքացիների հետ։

Ըստ NDI-ի ուսումնասիրության՝ առկա բևեռացման ֆոնին բնակչության մեծ մասը սատարում է միջկուսակցական համագործակցությանը։

80%-ը կարծում է, որ իրենց ընտրած քաղաքական կուսակցությունը պետք է համագործակցի խորհրդարանի բոլոր մյուս կուսակցությունների հետ, նույնիսկ, եթե որոշ կուսակցությունների գործողությունները կամ կարծիքներն իրենց համար անընդունելի են։

Ուսումնասիրության համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության (92%) համար կարևոր է ապրել ժողովրդավարական երկրում, միայն 39%-ն է կարծում, որ այսօր Վրաստանում գոյություն ունի ժողովրդավարություն։ Սրա հետ մեկտեղ, մեծամասնության կարծիքով, Վրաստանն այլևս ժողովրդավարության փարոս չի հանդիսանում հարևան երկրների համար։ 25%-ը կարծում է, որ Վրաստանը երբեք չի եղել ժողովրդավարության մոդել, իսկ 23%-ը կարծում է, որ երկիրը ժողովրդավարության լավ օրինակ է հարեւանների համար։

Ըստ ուսումնասիրության՝ կորոնավիրուսային համավարակից երկու տարի անց, բնակչության կեսը դրական է վերաբերվում կառավարության կողմից համավարակի դեմ պայքարի կառավարմանը: Թեև պատվաստումների նկատմամբ անվստահության մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ բնակչության 42%-ը մտադիր չէ պատվաստվել, 25%-ն ասում է, որ ցանկանում է պատվաստվել, իսկ 29%-ն արդեն պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Պատվաստանյութերին թերհավատորեն մոտեցող մարդիկ որպես հիմնական պատճառ նշում են պատվաստանյութերի որակի նկատմամբ անվստահությունը (38%) և առողջական խնդիրները (20%):

Բացի այդ, պատվաստված բնակչության 34%-ը չի նախատեսում խթանիչ դեղաչափով ներարկվել կամ դեռ այս առումով որոշում չի կայացրել։

NDI-ի տվյալներով՝ ուսումնասիրությունն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը՝ հիմնվելով պատահականության սկզբունքով Վրաստանի (բացի օկուպացված տարածքներից) չափահաս բնակչության 2099 հեռախոսային հարցազրույցների վրա՝ երկրի չափահաս բնակչության շրջանում:

Հարցման սխալման միջին շեմը +/-1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։ Ուսումնասիրությունն իրականացվել է «CRRC-Վրաստան»-ի կողմից: