Վրաստանի մի շարք քաղաքներում այսօր տեղի են ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների ու համակիրների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր՝ ընդդեմ ոստիկանների կողմից անչափահասների նկատմամբ բռնության: Ցուցարարները Թբիլիսիում, Բաթումում, Զուգդիդիում և Գորիում պահանջում են նաև ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը:
Թբիլիսիում ցույցն ընթացել է իշխող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի մոտ։ Բողոքի պատճառ է հանդիսացել մետրոյի Իսանի կայարանում տեղի ունեցած միջադեպը, երբ պարեկային ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական բռնություն է գործադրել հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ։
Ցուցարարները նշել են, որ եթե դեռահասին ծեծի ենթարկելու տեսագրությունը չհրապարակվեր, ապա այս փաստը կքողարկվեր։ Նրանց խոսքով, առանձին ոստիկանների բերման ենթարկելով խնդիրը չի լուծվի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։
Հիշեցնենք, որ երեկ նույնպես ներքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում «Դրոա» և «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ոչ ոստիկանությանը», «Ոչ բռնությանը» պաստառներով ու կոչերով ցույց են անցկացրել։