Թիվ 2 հանրային դպրոցի աշակերտները տեսանյութ են պատրաստել, որում դիմում են Վրաստանի Կրթության նախարարությանը և ուղղակի բարերարներին՝ խնդրելով օգնել բարեկարգել, ջեռուցել և վերանորոգել դպրոցի մարզադահլիճը։

Թիվ 2 հանրային դպրոցի ակտիվ աշակերտները ցույց են տվել իրենց դպրոցի մարզադահլիճի վատ վիճակը։ Երեխաները կարծում են, որ ֆիզիկական զարգացման և ֆիզկուլտուրայի դասերը շատ կարևոր և օգտակար են իրենց համար, սակայն կան խնդիրներ, որոնց պատճառով երեխաները չեն կարողանում և չեն ցանկանում զբաղվել սպորտով։

Դպրոցի մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի, ջեռուցում չկա, չկան նաև հանդերձարաններ։ Մարզադահլիճի շենքը գտնվում է հիմնական դպրոցից առանձին և այն խոնավության մեջ է։

Տեսանյութի վրա աշխատել են ավագ դպրոցի 26 աշակերտները։ Տեսանյութը պատրաստվել է լրագրողական ռեպորտաժի տեսքով, որտեղ ավագ դպրոցի աշակերտները և նրանց ուսուցիչը բարձրաձայն մտորում են, թե ինչպես և ինչը կցանկանային բարելավել իրենց դպրոցում։ Այսպիսով, երեխաները ցույց են տալիս իրենց քաղաքացիական ակտիվությունը։

«Մեզ՝ բարձր դասարանների աշակերտներիս համար, կարևոր է ցույց տալ մեր քաղաքացիական դիրքորոշումը, քանի որ մենք պետք է օրինակ ծառայենք փոքրերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները՝ լավ պայմաններ, լավ կրթություն ստանալու համար։ Բացի այդ, մեզանից ոմանք ավարտում են այս տարի և ցանկանում ենք լավ ժառանգություն թողնել։ Սպորտը ամենասիրված ու կարևոր առարկան է, իսկ մարզադահլիճը հիմա ամենավատ վիճակում է»,- ասում է ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ 10-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Ղրիմյանը։

Թիվ 2 դպրոցի սաների տեսանյութից մի հատվածը կարող եք դիտել ստորև.