Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը չի բացառում, որ օմիկրոն շտամը կօգնի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը։

«Այո, հնարավոր է»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Միևնույն ժամանակ, Վուինովիչը նշել է, որ դեռ վաղ է խոսել այս մասին, քանի որ մինչ այժմ օմիկրոնով բավարար հիվանդներ չկան։ Նա հորդորել է սպասել մեկուկես շաբաթ, որպեսզի փորձագետները կարողանան նոր տվյալներ ստանալ։

ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, եթե անգամ հնարավոր լինի հաղթահարել համաճարակը, կորոնավիրուսը չի վերանա, այլ կդիտարկվի որպես էնդեմիկ վիճակ, ինչպիսին գրիպն է։ Այնուամենայնիվ, վարակման դեպքերը շատ ավելի քիչ կլինեն։

Նա նշել է, որ ԱՀԿ-ն անհանգստացած է օմիկրոն շտամի տարածման արագությամբ։ Վուինովիչը նաև հույս է հայտնել, որ օմիկրոնով վարակվածների կլինիկական պատկերն այնքան լուրջ չի լինի, որքան, օրինակ, դելտա շտամով վարակվածների մոտ, սակայն դա չի նշանակում, որ ծանր հիվանդներ չեն լինի:

Նա հավելել է, որ օմիկրոնի դեպքում նույն մեթոդներն ու դեղամիջոցներն արդյունավետ են, ինչ նախորդ շտամների դեպքում։

«Ամեն օր նոր դեղամիջոցներ են ավելանում, ուստի մենք պետք է ապավինենք գիտությանը»,- ասել է Վուինովիչը։

Աղբյուրը՝ Panorama.am