Այսօր Փոքր Սամսարում նախկին կնոջ ընտանիքի անդամներին դանակահարած տղամարդն արդեն ձերբակալված է։
Ինչպես Jnews-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից, քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 հոդվածով, ինչը նշանակում է մահափորձ, պատժվում է 7-ից 15 տարի ազատազրկմամբ։
Հիշեցնենք, որ դանակահարության դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո Փոքր Սամսար գյուղում։ 40-ն անց տղամարդը մտել է նախկին կնոջ տուն, դանակով հարվածել կնոջ հարազատներին ու փախել։ Տղամարդը վերջերս է եղել բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։ Նրա կինը վերադարձել է ծնողական տուն։
Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ էին տեղափոխել 4 մարդու, այդ թվում 8 ամսական երեխայի։ Ախալքալաքի հիվանդանոցից ստացած տեղեկատվության համաձայն՝ երեխան, միջին տարիքի տղամարդը և կինը (դանակահարողի նախկին կնոջ հայրը և եղբոր կինը և նրանց երեխան) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ երկրորկ կինը (դանակահարողի կնոջ մայրը) արյան զգալի կորուստ է ունեցել։ Այս պահի դրությամբ, բոլոր վիրավորների վիճակը նորմալ է։