Գյուղատնտեսության նախարարությունը մինչև դեկտեմբերի 31-ը ընդունում է «Կանաչ դրամաշնորհային ծրագրին» մասնակցության հայտերը, ըստ որի՝ գյուղաբնակներին կֆինանսավորեն վերականգնվող էներգիայի տեխնոլոգիայի ներդրումը։
Եվրոպական միությունը և UNDP -ն ENPARD ծրագրի շրջանակներում Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մեկնարկել են «Կանաչ դրամաշնորհ» ծրագիրը՝ գյուղական վայրերում վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ներդրման նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրանցված են Ախալքալաքում, Բորժոմիում, Դեդոփլիսծկարոյում, Կազբեգիում, Քեդայում, Խուլոյում, Լագոդեխիում կամ Թեթրիծղարոյում, անհրաժեշտ է, նաև որ տունը կամ բիզնեսը գրանցված լինեն այս մունիցիպալիտետներում:
Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 7-ից և կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրն օգնում է գյուղական վայրերում ապրող ընտանիքներին և ձեռնարկություններին օգտագործել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, օգտագործել վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները՝ էներգիա խնայելու և կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար, մասնավորապես՝ նվազեցնել ճնշումը բնական ռեսուրսների, հատկապես անտառային ռեսուրսների վրա:
Դրամաշնորհը տրամադրվում է հետևյալ ծրագրերի համար.
Պարզ արևային ջրատաքացուցիչ և պարզ արևային ջեռուցիչ։ Դրամաշնորհի չափը կազմում է առավելագույնը 1000 լարի։
Սարքի ընդհանուր արժեքի 10%-ը վճարում է դիմողը, իսկ 90%-ը՝ դրամաշնորհ է։
Գործարանային արևային ջրատաքացուցիչ, դրամաշնորհի առավելագույն չափը 3000 լարի է, ինքնաֆինանսավորումը 20%, 80% վճարվում է ծրագրով։
Շենքի ամբողջական ջերմամեկուսացում։ Դրամաշնորհի առավելագույն գումարը 12 000 լարի է, Համաֆինանսավորումը սարքի ընդհանուր արժեքի 40%-ն է։
Պատերի և ձեռնահարկի ջերմամեկուսացում, դրամաշնորհի առավելագույն չափը 8000 լարի է, համաֆինանսավորում 30%, 70% դրամաշնորհ։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի առաջատար մասնագետ Արման Հարությունյանի խոսքով, ցանկացողները կարող են դիմել իրենց կենտրոն։
«Կարող են կապվել մեզ հետ, բոլորին խորհուրդ կտանք, կօգնենք և գրանցենք։ Դիմողները շատ են, շատերին ենք օգնել»,- ասաց Արման Հարությունյանը։
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.gmg.undp.rda.gov.ge կայքում կամ դիմել Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոն, որը գտնվում է քաղաքապետարանի շենքում: