Jnews-ը բազմիցս անդրադարձել է Ջավախեթի փողոցի վերանորոգման աշխատանքներին, փողոցի վերևի հատվածում արդեն 4 օր է ընթանում են շինարարական աշխատանքներ։ Ճանապարհին կոյուղագծի խողովակները փոխելու համար խորը փոսեր են փորել, սակայն փողոցը հատող խաչմերուկներին, ոչ մի տեղ փակցված չէ “ընթանում է ճանապարհային աշխատանքներ” ճանապարհանշանը։
Յուրաքանչյուր քաղաքում ճանապարհի վրա, անգամ մի փոքր ճանապարհափոս նորոգելու դեպքում տեղադրում են “ընթանում է ճանապարհային աշխատանքներ” նշանը։ Իսկ այս փողոցում, չնայած որ խորը փոսեր են, և անզգույշ լինելու դեպքում հնարավոր է մարդը, կամ ավտոմեքենան հայտնվի այնտեղ, ոչ մի զգուշացնող, կամ արգելող նշան չկա։
Դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետարան, որպեսզի տեղեկանանք ինչու՞ այդ ճանապարհանշանը տեղադրված չէ, քանի որ միգուցե տեղացի վարորդները գիտեն, որ այդտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում և չեն հայտնվում այդ փոսերի մեջ, իսկ այլ քաղաքից կամ պետությունից եկած վարորդները ինչպե՞ս պետք է հասկանան, որ այդ ճանապարհին մեծ փոսեր են և կարողանան խուսափել փոսերից։ Նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը ասաց.
“Այդ հատվածը վերաբերում է ճանապարհային վարչությանը, կարող եք տեղեկանալ այնտեղից, թե այդ նշանը ինչու չկա կամ կա”։
Ջավախեթի փողոցը Ճանապարհային վարչության ենթակայության տակ է, սակայն ներկայիս աշխատանքները կատարվում են տեղական իշխանության կողմից և շինարարական կազմակերպությունը հաշվետու է հենց նրանց։
Հարց է առաջնում, եթե մարդ վնասվի այդ բացթողումի պատճառով, ով է պատասխանատու։ Իսկ ավելի առաջնային է հարցը, թե ով պետք է հոգ տանի, որ մարդ չվնասվի։
Տեղում աշխատակիցները ասացին, որ աշխատանքները սկսել են մոտ 4 օր առաջ, թե ինչու նշան տեղադրված չէ, իրենք տեղյակ չեն։ Վարորդները նույնպես բողոքում են նշանի բացակայությունից։
Ինչպես աշխատակիցները ասացին, այս տարի կավարտեն ճանապարհի մի մասը, այն մասը, որտեղ կոյուղագիծն է, իսկ մյուս մասը ջրի խողովակներն են, որի ավարտը արդեն կմնա հաջորդ տարվան։
Նշենք, որ նոր կոյուղագծի կառուցման էլեկտրոնային մրցույթն արդեն կայացած է: Շինարարական աշխատանքները կիրականացնի «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով:
Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսվեն մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ։