«Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին հավաքվել է 12 մլն 351 հազար դոլար։
«Որից 7,8 միլիոնը և մի քիչ ավելը Միացյալ Նահանգներում։ Ֆրանսիան աննախադեպ արդյունք ցույց տվեց, խոսքը գնում է մոտավորապես 4 միլիոն դոլարի մասին, որի մի մասը կտակներ էին։ Եվ Կանադան՝ Տորոնտոյի մեր տեղական մարմինը 500 հազար դոլար է հայտարարել», – ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նրա խոսքով, առայժմ հստակ չէ, թե որքան գումար է Հայաստանից փոխանցվել։
Հեռուստամարաթոնն այս տարի այլ ձևաչափով տեղի ունեցավ։ Հայկակ Արշամյանն ասում է՝ ավելի քան 2 ժամանոց ֆիլմ ցուցադրեցին ու նվիրատուներին ներկայացրին, թե 2020-21 թվականներին ինչ ծրագրեր են իրականացրել. – «Աննախադեպ գումարներ էինք ստացել անցած տարվա ընթացքում։ Որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի շեշտը դնել հիմնականում հաշվետվողականության վրա, ներկայացնել մեր նվիրատուներին, թե մենք ինչքան գործ ենք արել»։
2019-ի հեռուստամարաթոնի ընթացքում, օրինակ, հավաքագրվել էր ավելի քան 10, 2018-ին՝ 11, 2017-ին՝ 12, 2016-ին՝ ավելի քան 15 մլն դոլարի նվիրատվություն։
Իսկ անցած տարվա հեռուստամարաթոնին գրեթե 23 մլն դոլար էր հավաքագրվել։ Այսպիսի մեծ թիվը պայմանավորված էր հետպատրեազական իրավիճակով։ Նշվում էր, որ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը:
Իսկ պատերազմի օրերին համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աուդիտ պահանջեց։