Այսօր Ախալքալաքում ընթանում են շինարարական աշխատանքներ, սակայն եղանակային վատ պայմանները թույլ չեն տալիս աշխատանքները պատշած ձևով իրականացնել։ Հարց է առաջանում, ինչու՞ են Ախալքալաքում ենթակառուցվածքային աշխատանքները սկսում ձմեռնամուտին։
Ախալքալաքի Ջավախեթի փողոցը արդեն տևական ժամանակ է քանդված վիճակում էր, ամեն քայլին մեծ ու փոքր փոսեր էին, ինչպես տեղեկացնում էր քաղաքապետարանը փողոցը պետք է ասֆալտապատվեր, սակայն միայն այն բանից հետո, երբ փողոցի կոյուղագիծը կվերանորոգվի։ Նախագիծը, որի շրջանակներում ասֆալտապատվում է Ջավախեթի փողոցը սկսվել էր դեռ 2020 թվականին։ Սակայն մինչև այն չմոտեցավ իր ավարտին, ոչ տեղական, ոչ կենտրոնական իշխանությունները չէին գլխի ընկնում, որ մինչև ասֆալտապատելը կարելի է փողոցի կոյուղու գիծը վերանորոգել։
Ջավախեթի փողոցի ասֆալտապատման աշխատանքները որոշվեց սկսել նոր կոյուղագիծը անցկացնելուց հետո։ Այս տարվա երկրորդ կեսին Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ հայտարարեց, որը հաղթել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Փողոցում սկսեցին ասֆալտը քանդել մոտ 10 օր առաջ, հիմա ճանապարհի եզրամասերը ամբողջությամբ մաքրել են ասֆալտից։ Խորը փոսերը անանցանելի են դարձրել փողոցի որոշ հատվածները։ Հաշվի առնելով, որ ձմեռը արդեն շատ է մոտեցել, դժվար չի ենթադրել, որ այդ փոսերը դեռ մի ահագին ժամանակ չեն փակվի։ Ճանապարհի տարբեր հատվածներում հիմա արդեն ջրափոսեր են գոյացել, քանի որ շրջանում ձյուն է տեղացել և հալվել։ Բնակիչներից մեկը ասֆալտի մի մասը քանդում էր իր ձեռքով, քանի որ այդ հատվածում ջուրը հավաքվել և տուն էր լցվում։
Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսվեն և ավարտվեն մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Ընդհանուր տրված է 4 ամիս, սակայն նախագծի առաջին և երկրորդ ամսին աշխատանքներ չեն նկատվել։
Հաջորդ այսպիսի, ոչ ժամանակին իրականացվող աշխատանքների շարքին է պատկանում նաև Ազատության փողոցի վրա գտնվող շենքը, որի կտուրն են փոխում։ Առաջի հարկը վերանորոգել է սեփականատերը, իսկ երկրորդ հարկի արտաքին հարդարման աշխատանքները իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը, Ախալքալաքի շրջանի և զբոսաշրջության զարգացման նպատակով: Այդ նախագծի շրջանակներում կվերանորոգվեն 4 շենքի ճակատային մասերը և քաղաքապետարանի դիմացի պուրակը: Նոյեմբերի 26-ին ձյունը տեղաց անմիջապես Չարենց-Ազատություն խաչմերուկում գտնվող շենքի ներսում, քանի որ կտուրը մի քանի օր է քանդված է նորը սարքելու նպատակով։
Այս շենքի կտուրի վերանորգման աշխատանքները թե երբ կավարտվեն Ախալքալաքի քաղաքապետարանից չեն կարող ասել, քանի որ իրենք չունեն նախագիծը։
Ախալքալաքի կենտրոնում շարունակվում է շենքերի ճակատային մասերի վերականգնումը