Վրաստանի կառավարությունը կարձագանքի դեղագործության ոլորտում գների ռեկորդային աճին, ինչպես և եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարությունում տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Դեղագործական շուկայի մոնիտորինգի վերաբերյալ միջանկյալ զեկույցը, որը պատրաստվել է Մրցակցության ազգային գործակալության կողմից։
Ինչպես տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Ղարիբաշվիլին «համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է այն քայլերը, որոնք պետք է ժամանակին ձեռնարկվեն դեղերի բարձր գների խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»։
«Այս գործընթացը տարիների ընթացքում զարգացել է և պահանջում է մեր կողմից պատշաճ միջամտություն։ Փաստորեն, դա պետք է արվի այնպես, ինչպես եվրոպական երկրներում։ Մենք ոչ մի նոր բան չենք հորինում, այս հարցը պետք է կարգավորվի, քանի որ մեր բնակչությունը շատ մտահոգված է։ Դեղերի գները շատ բարձր են, և մենք պարտավոր ենք ժամանակին արձագանքել այդ խնդրին։ Ես ուզում եմ նման ձևաչափով քննարկել և սկսել արձագանքել ու գործել»,- ասել է վարչապետը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի համաձայն, որը հրապարակվել է այս տարվա հունիսին, դեղերի և առողջապահական ծառայությունների բարձր գները Վրաստանի բնակչության աղքատացման պատճառներից մեկն են հանդիսանում։
Զեկույցում նշված է, որ Վրաստանում դեղերի գները հարեւան երկրների համեմատ անհամաչափ են, երբեմն՝ 100%-ով ավելի թանկ, իսկ դեղատների շահութաբերությունը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ երկրներում սահմանված շահույթի սահմանաչափերը։
ԱՀԿ-ն Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել լրացուցիչ միջոցներ գտնել սոցիալապես անապահով քաղաքացիների առողջապահական ծրագրերի ֆինանսավորումն ավելացնելու համար։
Առողջապահության նախարարության ղեկավար Էկատերինե Տիկարաձեն խոստանում է լուծել խնդիրը, սակայն առաջիկա 10 տարում։ Միևնույն ժամանակ նա փաստացի մեղադրել է վրացական դեղագործական ընկերություններին դավադրության մեջ, որոնք «ամեն ամիս դեֆիցիտ են ստեղծում»։ Միաժամանակ Տիկարաձեն զգուշացրել է նրանց «ցավոտ որոշումների» և «վճռական քայլերի» մասին։