2021 թվականի հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 1,3 տոկոս։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության համաձայն՝ տարեկան գնաճը կազմում է 12,8%, այսինքն՝ 3%-ի նպատակային ցուցանիշից չորս անգամ ավելի։
Սեպտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 0,2 տոկոս։
2021 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ամենաշատն աճել են հագուստի և կոշկեղենի գները, մասնավորապես՝ 9,2%-ով։
Հոկտեմբերին 3%-ով նաև թանկացել է պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում ընդգրկված արտադրանքը, իսկ բանջարեղենի և սեխի գներն աճել են ամենից շատը՝ 9%-ով։ Հացի և հացաբուլկեղենի գինն աճել է 5,5%-ով։
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել է պարենային մթերքի և ոչ ոգելից խմիչքների խմբում գների փոփոխությունը, որտեղ ընդհանուր աճը կազմել է 18.4%:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարվա ընթացքում այս խմբում ամենաշատն աճել են բանջարեղենն ու հատապտուղը՝ 43%-ով։ Դրան հաջորդում են կարագն ու յուղը` 31,6%-ով, հացն ու հացամթերքը` 19,4%-ով:
Տարվա կտրվածքով աճել են նաև այլ պարենային մթերքների գները.
Կաթ, պանիր և ձու՝ 18,2%-ով,
Շաքարավազ, մուրաբաներ և քաղցրավենիք՝ 18%-ով,
Ձուկ՝ 16%-ով,
Ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 13%-ով,
Միս՝ 11,2%-ով,
Մրգեղեն՝ 9,3%-ով,
Սուրճ, թեյ և կակաո՝ 6,4%-ով,
Տարվա ընթացքում տրանսպորտի գներն աճել են 19,6%-ով, բնակարանի, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գները՝ 11,9%-ով, իսկ առողջապահական ծառայությունները՝ 8,4%-ով։