Իմ մոտ ամբողջությամբ սահմանափակվել է իրավաբանների հետ շփվելու հնարավորությունը, հանդիպումների սրահում ամբողջությամբ ապակե պատ է կառուցվել, նման բան երբեք չի եղել Վրաստանում, և առավել եւս՝ Եվրոպայում», – ասված է Վրաստանի նախկին նախագահի՝ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր առավոտից ամբողջությամբ արգելափակվել է անձնական փաստաբաններիս հետ շփվելու հնարավորությունը։ Հանդիպումների սենյակում մեր միջև ապակե պատն ամբողջությամբ է բարձրացվել, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք կարող փաստաթղթերով փոխանակվել։ Բացի այդ, շատ վատ է լսողությունը: Նման բան երբեք չի եղել Վրաստանում, և առավել ևս՝ Եվրոպայում։

Վաղուց էինք լսել, որ դատարան ու դատախազություն չկա, հիմա էլ լուծարել են փաստաբանությունը։

Այսօրվանից կտրականապես հրաժարվում եմ հացադուլի հետ կապված ցանկացած հետազոտական, բուժիչ և վերակենդանացման ծառայություններից։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել իրավապաշտպանների հետ առանց խոչընդոտների հարաբերվելու իրավունքը։

Իրականում, ես հիմա գտնվում եմ ոչ թե վրացական, այլ ռուսական բանտում, նույնիսկ անձնակազմին են ստիպում ռուսների պես իրենց պահել։ Այսօր ես հանդիպեցի Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովային, որին շատ շնորհակալ եմ։ Նա նույնպես նշեց, որ իրեն զգում է ոչ թե Վրաստանում, այլ Ռուսաստանում»,- նշված է Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։