«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է», – հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանում նախընտրական առավոտը սկսվեց Սաակաշվիլիի ողջույնով
«Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալման գործողությունը: Իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին Ուկրաինայից դեպի Վրաստան նրա տեղաշարժի վերաբերյալ, և այս գործընթացը լիովին վերահսկվում էր», – հայտարարել է Ղարիբաշվիլին:
Սաակաշվիլին Վրաստանում իշխանավարել է 2008-2013 թվականներին: 2013-ին հերթական ընտրություններում պարտվելուց հետո նա լքել էր երկիրը: Դրանից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել էին մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսում նա առանց իր ներկայության դատապարտվել է ազատազրկման: 2015-ին նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
Նախկին նախագահը ներքին հետախուզման մեջ էր գտնվում: Նա ութ տարի է, ինչ Վրաստանում չէր եղել, չնայած բազմիցս խոստացել է, որ վերադառնալու է:
Մեկ անգամ եւս հայտարարելով Վրաստան իր ժամանման մասին՝ Սաակաշվիլին հայտնել է, որ չի վախենում ձերբակալությունից: