Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մակարդակը դանդաղել է երկու անգամ: Այս մասին են վկայում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալները:
Անցած հինգ օրերի ընթացքում երկրում կատարվել է ընդամենը 68 364 պատվաստում, օրական միջինը 12-14 հազար ներարկում: Սեպտեմբերի 24-ին պատվաստվել է 13 580 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 11-ին Վրաստանում իրականացվել էր 25 132 պատվաստում:
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի 1 729 672 պատվաստում: Պատվաստման ամբողջական կուրսն ընդունել է 762 231 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 26,7%-ը: Պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ է ստացել 889 903 մարդ կամ չափահաս բնակչության 34,1%-ը:
Այս պահի դրությամբ Վրաստանում Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք՝ Sinovac-ը կամ Sinopharm-ը: Միևնույն ժամանակ, պատվաստվել հնարավոր է կամ նախապես գրանցմամբ՝ գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ կենդանի հերթով բժշկական ծառայությունը ստանալու սկզբունքով:
Ըստ ազգային ծրագրի՝ Վրաստանի չափահաս բնակչության 60%-ը կամ մոտ 1.3 մլն քաղաքացի պետք է պատվաստված լինեն COVID-19-ի դեմ մինչև 2021 թվականի վերջ: