Դպրոցներում ուսումնական գործընթացը սկսվում է սեպտեմբերի 15-ին՝ հեռակա կարգով: Առաջին դասարանցիների համար որոշվել է ուսումնակրթական գործընթացը սկսել հոկտեմբերի 4-ից` այն հույսով, որ այդ ժամանակ համաճարակային իրավիճակը թույլ կտա բացել դպրոցները: Հոկտեմբերի 4-ից Վրաստանի ամբողջ տարածքում դասասենյակներում դասապրոցեսը կվերսկսվի 330 դպրոցներում: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ Գամկղրելիձեի, վարակվածության մակարդակն այս դպրոցներում բավականին ցածր է:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք կրթության նախարարության հետ, և արդեն հայտարարվել է, որ հոկտեմբերի սկզբից շուրջ 330-332 դպրոցներում ուսումը կվերսկսվի առկա կարգով ՝ հիմնականում գյուղական դպրոցներում և բարձրալեռ շրջաններում: Մենք ուսումնասիրում ենք այս դպրոցներում համաճարակաբանական իրավիճակը », – հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն:
Կրթության նախարարությունը դեռ չի հստակեցրել, թե կոնկրետ որ դպրոցներում կվերսկսվի դասապրոցեսը: Այնուամենայնիվ, նշվում է, որ դասարաններում դասավանդումը հոկտեմբերի 4-ից կվերսկսվի միայն այն դպրոցներում, որտեղ կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշը 4%-ից ցածր է: Ախալքալաքում, ըստ Հանրային առողջության կենտրոնի, օրական կատարվում է 100-150 թեստ և հայտնաբերվում է 1-2 դրական դեպք, ինչը շատ ավելի քիչ է, քան հայտնաբերման դրականության 4%-ը: