Ռուսական իշխանությունները կիսում են Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի շուրջ իրենց մտահոգությունը և դրանց բարելավման կոչերը: Այս մասին ուրբաթ ТАСС-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության բաց նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը աջակցելու խնդրանքով:
«Մենք կիսում ենք նամակում արտահայտված մտահոգությունը երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց բարելավման կոչերի առումով: Ռուսաստանը միշտ հանդես է եկել Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների օգտին: Ինչպես գիտեք, նրանց խզման նախաձեռնողները մենք չէինք», – ընդգծել են մամուլի ծառայությունից:
Կրեմլը «Վրաստանի հայրենասերների դաշինքի» կոչը որակել են հստակ հաստատում այն փաստի, որ «չնայած ռուսաֆոբների և արմատականների բոլոր փորձերին, Վրաստանում դեռ մնում են ողջամիտ ուժեր, որոնք հանդես են գալիս երկու պետությունների միջև բարիդրացիական կապերի վերականգնման օգտին»:
Մամուլի ծառայությունը նշել է, որ «ռուս-վրացական երկխոսությունը շարունակվում է», այդ թվում` Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հիմքով` օգտագործելով ոչ պաշտոնական Կարասին-Աբաշիձե երկխոսության ուղին: «Դրա շնորհիվ որոշ արդյունքներ են ձեռք բերվել առևտրի և հումանիտար ոլորտներում», – ընդգծել է Կրեմլը:
Ավելի վաղ «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդներից մեկը ՝ Իրմա Ինաշվիլին, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր բաց նամակի տեքստ, որում կուսակցությունը Պուտինից օգնություն է խնդրում համագործակցությունը վերսկսելու նպատակով, այդ թվում՝ համատեղ լրատվամիջոցների, մշակութային և սոցիալական նախագծերի կազմակերպման գործում: Ինաշվիլին նաեւ մեղադրում է Վրաստանի իշխանություններին, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ցանկացած փորձ փորձում են արմատապես վերացնել։
Ըստ 2020 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» հավաքել էր ձայների 3,14%-ը և ստացել 4 մանդատ երկրի 150 տեղանոց խորհրդարանում: Կուսակցության անդամները, այդ թվում՝ Ինաշվիլին, չէին ճանաչել ընտրությունների արդյունքները և խնդրել էին զրկել իրենց պատգամավորական մանդատներից: Խորհրդարանը բավարարել էր այդ խնդրանքը:
Հայրենասերների դաշինքը հայտնի է Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ երկխոսությանն աջակցությամբ։ Կուսակցության անդամները բազմիցս այցելել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպել են ռուս պատգամավորների հետ: Նրանք անցյալ տարի եղել են նաեւ Աբխազիայում: