ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցները համաձայնել են ամրապնդել գործընկերությունը այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Վրաստանն է:
Ստոլտենբերգի խոսքով՝ կարևոր է աջակցել ՆԱՏՕ-ի գործընկերներին, որոնք խոցելի են Ռուսաստանի համար։
«Ինչ դաս ենք քաղել ուկրաինական պատերազմից՝ գործընկերներին ժամանակին աջակցություն ցուցաբերելն է։ Ինչպես որ կարևոր էր աջակցել Ուկրաինային մինչև ներխուժումը, այնպես էլ կարևոր է աջակցել մյուս գործընկերներին, ովքեր խոցելի են ռուսական ներխուժման համար: Ուստի դաշնակիցները համաձայնեցին ամրապնդել իրենց գործընկերությունն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Վրաստանն է: Այժմ մենք աշխատում ենք, թե ինչպես ուժեղացնել աջակցությունը կիբեր, ճգնաժամային կառավարման և անվտանգ հաղորդակցության ուղղությամբ: Այսպիսով, կարիքների վրա հիմնված գործընկերությունը և կարիքների վրա հիմնված աջակցությունը մաս են կազմում այն ամենի, ինչ մենք անում ենք Վրաստանի նման գործընկերների հետ»,- ասել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։