Վերջին երեք շաբաթների ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել շուրջ 4000 երեխայի մոտ: Այս մասին «Ռուստավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
«Բարեբախտաբար, այս դեպքերի մեծ մասը մեղմ ընթացք ունի: Երեխաների դեպքում հատուկ բժշկական միջամտություն չի պահանջվում, բայց մենք տեսել ենք ծանր դեպքեր եւս, ցավոք, նորածինների մոտ գրանցվել է մահվան երկու դեպք», – ասել է Գաբունիան:
Վրաստանը հայտարարել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքի սկիզբը: Տարածման գագաթնակետը սպասվում է օգոստոսին, մասնագետներն ասում են, որ այդ ժամանակ հնդկական շտամն ամբողջությամբ կփոխարինի բրիտանականին:
Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք: Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակման ավելի քան 393 հազար դեպք, բուժվել է ավելի քան 368 հազարը, մահացել՝ 5 618-ը:
Ամբողջ Վրաստանի կլինիկաներում շուրջ 350 հիվանդատեղ է մոբիլիզացվել երեխաների համար:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Վրաստանում համավարակի սկզբից ի վեր, ավելի քան 41 հազար երեխա հիվանդացել է կորոնավիրուսով:
Բացի այդ, ապրիլի վերջից Վրաստանում գործում են հետկովիդյան ախտանիշներով անչափահասների համար Առողջության կենտրոններ: Հիվանդների վիճակը գնահատում են մանկաբույժը, սրտաբանը, թոքաբանը, նյարդաբանը և այլք: Գործընթացին մասնակցում է նաև հոգեբան, քանի որ հիվանդ երեխաները ընկճախտ և բնավորության փոփոխություն են ապրում։