Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Քութայիսիի օդանավակայանում և Բաթումի առափնյա քաղաքում բերման են ենթարկել Թուրքիայի հինգ քաղաքացիների:
Նրանցից չորսը Քութայիսիի միջազգային օդանավակայանում՝ անձնագրային հսկողությունն անցնելիս սահմանապահին Ֆրանսիայի քաղաքացու կեղծ ժամանակավոր կացության թույլտվություն են տրամադրել: Մեղադրյալները նախատեսում էին թռչել Քութայիսիից դեպի Միլան: Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 19 տարեկան է, ամենամեծը՝ 36:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բաթումիում բերման ենթարկված 57-ամյա տղամարդը, որը կազմակերպել է ապօրինի սահմանի հատումը՝ նույնպես Թուրքիայի քաղաքացի է:
Ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է կեղծ փաստաթղթերը:
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ երեք հոդվածներով. «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ», «Կեղծված փաստաթղթերով միգրանտների կողմից ապօրինի ճանապարհով Վրաստանի պետական սահմանի հատում» և «Կեղծ փաստաթղթերի պատրաստում, վաճառք կամ օգտագործում»:
Ձերբակալվածներին սպառնում է երեքից ութ տարի ազատազրկում: