«Երբ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում պատվաստումների մակարդակը բարձրանում էր, մենք դիտարկում էինք վարակման և մահացությունների կայուն անկում: Ցավոք, այս միտումները այժմ փոխվել են, և մենք երրորդ ալիքի սկզբնական փուլում ենք գտնվում», – ասել է Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը՝ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ Covid-19–ի դեպքերի թիվն արդեն մեկ ամիս է աճում է գրեթե ամբողջ աշխարհում: 10 շաբաթանոց անկումից հետո մահացությունը կրկին բարձրանում է, և վիրուսը շարունակում է ենթարկվել մուտացիայի:
«Delta շտամը ներկայումս տարածված է ավելի քան 111 երկրում, և մենք մտավախություն ունենք, որ այն ամբողջ աշխարհում շուտով կդառնա գերակշռող շտամ, եթե արդեն իսկ չի դարձել», – ասել է Հեբրեյեսուսը:
Վերջինիս խոսքով, ԱՀԿ-ն շարունակում է դիտարկել պատվաստանյութերի համաշխարհային բաշխման ցնցող անհավասարությունները: Շատ երկրներ դեռ չեն ստացել գոնե մեկ պատվաստանյութ, իսկ շատերն էլ չեն ստացել բավարար դեղաչափեր:
«Համաշխարհային Covax կառույցի շրջանակներում առաքվել է ավելի քան 100 միլիոն դեղաչափ, սակայն մատակարարման մասշտաբները չափազանց փոքր են», – հավելել է ԱՀԿ ղեկավարը:
BBC News-ի ռուսական ծառայություն