Եվրահանձնաժողովում դժգոհ են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումից՝ Գերագույն դատարանի դատավորներին նշանակելու կապակցությամբ՝ չնայած այս գործընթացը կասեցնելու պայմանավորվածությանը, որպեսզի այն համապատասխանեցվեր եվրոպական չափանիշներին:
Բրյուսելը հիշեցնում է, որ համաձայնագրի խախտումը կարող է ազդել Վրաստանին լայնամասշտաբ օգնություն հատկացնելու գործընթացի վրա` կայունացնելու համար երկրի տնտեսությունը, որը համավարակի պատճառով դժվար իրավիճակում է գտնվում:
Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Վրաստանի Գերագույն դատարանում դատավորների նշանակումը «սպառնալիք է դատական համակարգի անկախության և հասարակության վստահության համար»:
Հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ձայների հաշվին հաստատել էր Գերագույն դատարանի վեց դատավորների, որոնք անժամկետ կկատարեն իրենց պարտականությունները: Դա տեղի ունեցավ, չնայած հասարակական կազմակերպությունների բողոքներին և դիվանագետների ու միջազգային կազմակերպությունների կոչերին` դադարեցնել դատավորների նշանակման գործընթացը: Ընդդիմության հիմնական մասը չէր մասնակցել քվեարկությանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մտահոգություն էր հայտնել դատավորների առաջադրման գործընթացի արդարացիության և հավասարության առումով:
«Նշանակումները հակասում են ապրիլի 19-ի համաձայնագրի առանցքային դրույթներին, ըստ որի` բոլոր ներկայիս նշանակումները պետք է կասեցվեն, Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկությունները պետք է ամբողջությամբ կյանքի կոչվեն, և, ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգի անկախությունը, հաշվետվողականությունը և որակը պետք է բարելավվի՝ բոլոր կուսակցությունների լայն, ընդգրկուն և մասնակցային բարեփոխումների գործընթացում: Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացի վերանայումը` նախքան նշանակումը Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին համապատասխան, նույնպես համաձայնեցված նախապայման է ԵՄ ընթացիկ ծրագրի շրջանակներում Վրաստանին մակրոֆինանսական օգնության երկրորդ մասնաբաժնի տրամադրման համար, որըի վրա այս քայլը կարող է բացասաբար անդրադառնալ», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
«Այսպիսով, այս քվեարկությունը բաց թողնված հնարավորություն է Վրաստանի կառավարության համար հայտարարելու իր հավատարմությունն իրական և համապարփակ դատական բարեփոխումներին: Այս իրադարձությունները սպառնում են դատական համակարգի անկախությանը և հասարակության վստահությանը:
ԵՄ-ն բաց է հետագա բարձր մակարդակի բանակցությունների համար` այս իրադարձություններից հետո դատական բարեփոխումները և հետագա գործողությունները դիտարկելու համար, հատկապես ապրիլի 19-ի համաձայնագրի և Վրաստանին ԵՄ մակրոֆինանսական օգնության որոշումների համատեքստում», – ասվում է Եվրահանձնաժողովի խոսնակի հայտարարության մեջ:
Եվրամիությունը Վրաստանին տրամադրում է ֆինանսական օգնություն, որն օգտագործվում է պետական բյուջեի կայունացման, ինչպես նաև միջին և փոքր բիզնեսի աջակցման համար` կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում:
2021 թվականի ընթացքում Վրաստանը ԵՄ-ից պետք է ստանա մոտ 60 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն:
Բացի այդ, հուլիսի 7-ին, Թբիլիսի ժամանած Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարել էր Եվրամիության որոշման մասին՝ Վրաստանին առնվազն 3,9 միլիարդ եվրո ներդրումներ հատկացնելու մասին: Սա ՀՆԱ-ի մեկ երրորդն է, որը երկիրն ուներ նախքան կորոնավիրուսային համավարակը ու դրանից առաջացած ծանր տնտեսական և բյուջետային ճգնաժամը:
Եվրահանձնակատարը ընգդգել է, որ ԵՄ-ն ներդրումներ է կատարելու Վրաստանում ճանապարհների և երկաթուղիների, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցերի և ինտերնետի զարգացման մեջ:
2.3 միլիարդ եվրոն կտրամադրվի դրամաշնորհների տեսքով, իսկ մնացածը` նախագծերի և ներդրումների տեսքով, որոնք ներգրավվելու են միջազգային ֆինանսական հաստատություններից, Եվրոպական ներդրումային բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից:
Դատական համակարգի բարեփոխումները և անկախ արդարադատության համակարգը ամենահրատապ խնդիրներից մեկն է, որի շուրջ բուռն հակասություններ կան քաղաքական շրջանակներում: Ընդդիմությունը պնդում է, որ Վրաստանում դատարանները ղեկավարվում են կլանների կողմից, մինչդեռ իշխող կուսակցությունը հերքում է դա:
Այնուամենայնիվ, Վրաստանում դատական համակարգը միջազգային կազմակերպությունների և գործընկերների կողմից ամենաքննադատվող ոլորտներից մեկն է: Նրանք բազմիցս իշխանություններին կոչ են արել հիմնարար բարեփոխումներ իրականացնել արդարադատության համակարգում, իսկ մինչ այդ զերծ մնալ Գերագույն դատարանի դատավորներ նշանակելուց:
Նյութը՝ «Новости Грузия»-ից