Այսօր Վրաստանի մայրաքաղաքում և բոլոր տարածաշրջաններում անցկացվում են տոնական միջոցառումներ նվիրված Ֆաշիզմի դեմ Հաղթանակի 71-րդ ամյակին:
Երկրի նախագահը, վարչապետը, և այլ քաղաքական գործիչներ այցելեցին Վակեի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին: Այս վայրում առավոտվանից հավաքվում են նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերաններ և հասարակ քաղաքացիներ:
Վրաստանի վարչապետ` Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորեց բնակչությանը այսօրվա կապակցությամբ, նշելով որ մարդկության պատմության մեջ սա համարվում է միլիոնավոր մարդկանց աննախադեպ հերոսության օրինակ, որի նմանը ոչ-ոք չի հիշում:
«Մեր պարտքն է գլուխ խոնարհել այն մարդկանց առջև, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը, առողջությունը, որպեսզի իրենց սերունդները ապրեն խաղաղ աշխարհում: Այսպիսի մեծագույն զոհաբերությամբ հնարավոր եղավ կանգնեցնել ֆաշիզմը»,- լրագրողներին հայտարարեց Վրաստանի վարչապետ` Գիորգի Կվիրիկաշվիլին:
Իր հերթին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նույնպես ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի շիրիմին:
«Մայիսի 9-ը` դա մարդկության մեծ հաղթանակն է ընդդեմ չարի: Այս հաղթանակում մեծ ներդրում ունեցավ նաև Վրաստանը: Մենք, վրացիներս, փոքրաքանակ ազգ լինելով, կարող ենք հպարտորեն ասել, որ այս հաղթանակում շատ մեծ ներդրում ունեցավ Վրաստանը և վրացիները»,- հայտարարեց է նախագահը:
Նշենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները կստանան ֆինանսական աջակցություն 600 լարիի չափով, իսկ ընտանիքները որոնք կորցրել են իրենց խնամակալներին` 300 լարիի չափով: Բացի այդ, վարչապետը վետերաններին կընդունի այսօր տոնական ընթրիքի:
Էդիտա Բադասյան