Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ` ՌԴ կառավարությունը պետք է որոշի, թե որտեղից է ֆինանսավորելու օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումները։
Նախագահ Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումները, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Մասնավորապես ՌԴ նախագահը կառավարությանը հանձնարարել է որոշել, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու աշխատանքային միգրանտների պատվաստումները։
Նշենք, որ Ռուսաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 20 000 նոր դեպք։ COVID-19-ի հետագա տարածումը կանխելու համար Ռուսաստանի իշխանությունները մի շարք մարզերում պարտադիր պատվաստումներ են մտցրել քաղաքացիների որոշակի թիրախային խմբերի համար: