Վրաստանում համաճարակաբանները շարունակում են ուսումնասիրել նոր կորոնավիրուսային վարակի կասկածելի դեպքերը՝ պարզելու, արդյո՞ք դա հնդկական շտամն է, թե ոչ:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն պնդում է, որ Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռևս հայտնաբերված չէ, դիտարկումները շարունակվում են, բայց լաբորատոր արդյունքներ դեռևս չկան:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն կարծում է, որ Վրաստանի բնակչությունն այնքան քիչ է, որ նույնիսկ վիրուսի ինտենսիվ շրջանառության դեպքում նոր շտամների ի հայտ գալը քիչ հավանական է:
Ըստ նրա՝ նոր շտամները ձեւավորվում են այն երկրներում, որտեղ վիրուսը շրջանառվում է տասնյակ միլիոնավոր մարդկանց շրջանում:
Ավելի վաղ վրացի համաճարակաբանները հայտնել էին, որ Վրաստանում հիվանդների մեծ մասը վերջերս վարակվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով:
Կորոնավիրուսի հնդկական շտամը, որը համարվում է ավելի վարակիչ և հակամարմինների նկատմամբ դիմացկուն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, արդեն նվաճել է մի քանի մայրցամաքներ և թափանցել աշխարհի հիսուն երկիր: Մասնագետները կորոնավիրուսի հնդկական շտամն ավելի վտանգավոր են համարում, քան մյուս շտամերը, քանի որ այն ավելի ագրեսիվ է, ավելի ուժեղ է կպչում բջիջներին, և վիրուսի չնչին քանակը բավարար է վարակվելու համար:
Հնդկական շտամի վարակելիությունն աճել է նրա մուտացիայի ենթարկվելուց հետո, քանի որ այն հեշտությամբ հաղթահարում է ինչպես պատվաստումներից հետո ստացված հակամարմինները, այնպես էլ բնական ճանապարհով ձեռքբերված հակամարմինները, այսինքն՝ նրանց դեպքում, ովքեր արդեն վարակվել են COVID-19-ով: