Վրաստանում ավարտվում է ավտոմեքենաների մաքսազերծման արտոնությունների գործողության ժամկետը: Այս մասին հայտնում են երկրի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից:
2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ը՝ Վրաստանի տարածք ներմուծված մեքենաների մաքսազերծման վերջնաժամկետն ընթացիկ տարվա հունիսի 1-ն է:
Հայտարարագրման վերջնաժամկետի խախտման դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանքը կկազմի 50 լարի (մոտ 15 դոլար) և անհրաժեշտ կլինի մեկ ամսվա ընթացքում անցնել մաքսային ընթացակարգեր: Եթե դա տեղի չունենա, մեքենայի սեփականատերը կտուգանվի մաքսազերծված գումարի կրկնակի չափով:
Վրաստանի կառավարությունը, կորոնավիրուսային համավարակի ֆոնին՝ արտոնություններ է գործադրել մեքենաների ներկրողների համար: Ըստ Եկամուտների ծառայության, դրանցից օգտվել է մինչեւ 19 հազար մարդ:
Երկիր ներմուծված մեքենաների մաքսազերծման վերջնաժամկետն արդեն մի քանի անգամ երկարացվել է: Այսպիսով, Վրաստան ներմուծված մեքենաների սեփականատերերն այս ընթացակարգի համար ունեցել են առնվազն 11 ամիս՝ հասանելիք երկու ամսվա փոխարեն: